«Առաջինի լրատվական ալիք»-ն ուսումնասիրել եւ հրապարակել է դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաեւ ճանապարհի փակման գործընթացին այս կամ այն կերպ առնչվող Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցանկը: Այսպես՝ միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունը, իր հերթին, համակարգում է Ադրբեջանի՝ 11 անդամից բաղկացած Վերահսկող խորհուրդը, որը նշանակում է Ադրբեջանի նախագահը: Վերահսկող խորհրդի 8 անդամ իրենց հերթին նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, իսկ 3-ը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:
Նշված ակցիայի լուսաբանման եւ տարածման գործընթացը համակարգում են Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը եւ Ադրբեջանի մամուլի խորհուրդը, իսկ կամավորների աշխատանքը համակարգում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը: Ակցիային առնչվող ոչ պետական կազմակերպությունների ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ-ի, երիտասարդական 43 նախաձեռնության, 13 կամավորի (волонтер), հանրային խորհրդի 9 կազմակերպության, 4 կուսակցության, այդ թվում՝ իշխող «Նոր Ադրբեջան»-ը, եւ պետական մեկ հաստատության՝ կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեի անվանումները:
Ուսումնասիրվել են նաեւ վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները: «Առաջինի լրատվական ալիք»-ը հրապարակել է այսպես կոչված 507 «բնապահպանների» անուն-ազգանունները, պաշտոնը, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաեւ նրանց երկու կամ երեք անձնական լուսանկարներ: Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ եւ հասարակական կազմակերպությունների անդամներ են, նրանց թվում են նաեւ Բաքվի պետական համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ: