Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այն կարելի է ամենատարբեր վերլուծությունների ենթարկել, օրինակ՝ այդ ընկերությունները 2022 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ դրամ 2021-ի 1 տրիլիոն 206 մլրդ դրամի փոխարեն, կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» անցած մեկ տարում շեշտակիորեն ավելացրել է վճարած հարկերը՝ 62 մլրդ դրամից հասցնելով 144 մլրդ դրամի։ ԶՊՄԿ-ի հարկերն այդպես կտրուկ ավելացել են ինչպես միջազգային շուկաներում պղնձի գնի աճի, այնպես էլ ստվերի կրճատման եւ ռոյալթիի՝ բնապահպանական վճարների ավելացման արդյունքում։
Աչքի անցկացնելով խոշոր հարկատուների ցանկն ու հաշվի առնելով, թե այդ ընկերություններն ում են պատկանում՝ ավելի հետաքրքիր իրողություններ են բացահայտվում։ Այս անգամ ակնառու էին հատկապես Վարդանյանների եւ Սամվել Ալեքսանյանի ընտանիքներին պատկանող խոշոր ընկերությունների վճարած հարկերը։ Ընդամենը մի հայացք գցելով՝ ակնհայտ է դառնում, որ Վարդանյանների ընկերություններն անգամներով ավելի շատ հարկեր են վճարել։
Օրինակ՝ նրանց պատկանող երկու՝ «Գրանդ տոբակո» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերություններն այդ ցուցակի առաջատարներից են, 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են եւ անցած տարի վճարել են համապատասխանաբար 45 մլրդ եւ 27,4 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր։ «Գրանդ քենդի» ընկերությունը վճարել է ավելի քան 7 մլրդ դրամ, «Գրանդ մաստերը»՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների ցանկում Վարդանյանների ընտանիքին պատկանող՝ հանրությանը հայտնի յոթ ընկերություններ կան, այդ թվում են նաեւ «Մասիս տաբակը», «Գրանդ մոթորսը», «Գրանդ դիլինգը»։ Բոլորը միասին վճարել են 86,5 մլրդ դրամ։ Իհարկե, Վարդանյաններն այլ ընկերություններ նույնպես ունեն, բայց սրանք ամենախոշորներն են։
Ալեքսանյանների ընտանիքին պատկանող եւ բոլորիս հայտնի «Ալեքս ընդ հոլդինգը» անցած տարի վճարել է 16,6 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր։ «Սիթի» ընկերությունը, որը միավորում է շուրջ երեք տասնյակ «Երեւան սիթի» սուպերմարկետներներ, վճարել է 11 մլրդ 144 մլն դրամ, նրանց վերագրվող «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը՝ 5,6 մլրդ դրամ, «Ալեքս տեքստիլը»՝ 876 մլն դրամ։ Ալեքսանյանները նույնպես այլ ընկերություններ ունեն, բայց սրանք էլ նրանց ամենախոշորներն են։ Բոլորը միասին վճարել են շուրջ 32 մլրդ դրամ։
Հանրությանը հայտնի խոշոր սեփականատերերից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ», «Արարատ ցեմենտ», «Արարատ գինու, օղու, կոնյակի կոմբինատ», «Մուլտի գազ», «Մուլտի լեոն», «Մուլտի մոթորս», «Մուլտի ուելնես» եւ «Մուլտի տաբակ» ընկերությունները վճարել են ընդամենը 17,6 մլրդ դրամ։
Այս երեքի մեջ ակնհայտ է Վարդանյանների ընտանիքի առավելությունը։ Իհարկե, կարող ենք մտածել, որ նրանց շրջանառությունն է մեծ։ Բայց մյուս կողմից հաշվի առնելով, որ Ալեքսանյանն էլ լայն սպառման՝ շաքարավազի, ձեթի, կարագի եւ մի շարք այլ ապրանքների ներկրող է, ընդ որում՝ որոշ դեպքերում ամենամեծը, ունի սուպերմարկետների ահռելի ցանց, դա տարօրինակ է թվում։ Տարիներ շարունակ նա նաեւ մեղադրվել է ամենատարբեր հայտնի ապրանքանիշերի, հատկապես ալկոհոլային խմիչքների կեղծման համար։ Նման պարագայում նրա խոշոր ընկերությունների վճարած հարկերի չափը կասկած է հարուցում, թե միգուցե նա շարունակում է ստվերում աշխատել։
«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ճիշտ է, վարչարարության բարելավման շնորհիվ ընդհանուր հարկերն ավելացել են, բայց հիմա էլ տնտեսության մեջ «շատ մեծ» ստվեր կա։ Այսօր նույնպես առեւտրի շատ օբյեկտներ խուսափում են ՀԴՄ կտրոն տալուց։ Իհարկե, նրանք կցանկանային տալ, բայց քանի որ որոշ մատակարարներ հաշիվ-ապրանքագրեր չեն տալիս, խանութներն էլ կտրոն չեն տալիս։ Իհարկե, մատակարարները կտրուկ չեն հրաժարվում փաստաթղթեր տրամադրելուց, պարզապես այդ դեպքում գներն են բարձրացնում։ Եվ խանութները մրցակցությանը դիմանալու համար իրենք էլ են աշխատում նրանց խաղի կանոններով։
Խուրշուդյանը մի տարի առաջ ուսումնասիրություն էր սկսել ու մի շարք խանութներից պարզել, որ նաեւ Ալեքսանյանի ընկերությունները խանութներին փաստաթղթեր չեն տալիս, թեեւ նրա «Երեւան սիթիներում» կտրոն տալիս են։ «Որքան հասկանում եմ, իշխանությունների հետ կա նման պայմանավորվածություն՝ մյուս խանութներին հաշիվ-ապրանքագիր չտա, բայց իր խանութներում կտրոն խփեն։ Մի տարի առաջ հույս հայտնեցի, որ դա իրոք բացթողում է, ոչ թե միտում։ Նույն օրը ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանն ինձ հրավիրեց հանդիպման, ներկայացրեց խնդիրները՝ կոռուպցիայի ժառանգած ծավալները, այդ թվում իր գերատեսչության ներսում, որ չեն կարողանում լիարժեք ազատվել կաշառակերներից։ Ասաց, որ կան օրենսդրական խութեր, որոնք կշտկվեն, ինձ կներգրավեն քննարկումներում, բայց որեւէ խոստում չկատարեց, օրենսդրական փոփոխություններն էլ արդյունք չեն տվել։ Այսօր նույն խանութների տերերն ասում են՝ որեւէ դրական փոփոխություն չկա։ Ի դեպ, գովազդ չանեմ, բայց ինձ ասացին, որ հեղափոխությունից հետո Վարդանյանները բացառապես փաստաթղթով են մատակարարում։ Դա ինձ ահագին տպավորեց»,- ասաց Խուրշուդյանը։
Վերջինս ՊԵԿ-ի նախագահին փաստաթղթով աշխատել չցանկացող ընկերությունների ցուցակ է տվել, բայց Բադասյանն ասել է, թե ինքն ավելի մեծ ցուցակ ունի։ «Այսինքն՝ իրենք ավելի լավ գիտեն, թե ովքեր են հարկեր թաքցնում, բայց լուրջ պատիժներ չեն սահմանում, այդ պատճառով էլ հովանավորչություն եմ տեսնում»,- հավելում է Խուրշուդյանը։
Արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը՝ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը հայտնել էր, որ հիմա էլ է հնարավոր մաքսազերծումից խուսափել։ Վերջինս խուսափեց մեկնաբանություններ տալուց, բայց հիշեցրեց, որ ընդամենը ժամեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ ՊԵԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր է բացահայտել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։