Հունվարի 27-ի առավոտյան՝ 8։30-ի սահմաններում, Թեհրանում անհայտ անձինք զինված հարձակում են գործել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովը։ Դեսպանատան անվտանգության ծառայության եւս երկու աշխատակից վիրավորվել են։
Ադրբեջանական կողմը հետաքննություն է սկսել։
Daily Sabah-ը հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարության տվյալներով՝ հարձակվողը հենց մուտքի մոտ կրակ է բացել Կալաշնիկովի ավտոմատից: Վիրավորների վիճակը բավարար է:
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Թեհրանի ոստիկանապետ գեներալ Հոսեին Ռահիմին հայտնել է, որ Իրանի ոստիկանությունը ձերբակալել է առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձին:
Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ նախաքննության ընթացքում հարձակվողը որպես հրաձգության շարժառիթ նշել է «անձնական եւ ընտանեկան խնդիրներ»:
50-ն անց տղամարդը դեսպանատան վարչական շենքին մոտեցել է մեքենայով, որում եղել են նաեւ նրա 14-ամյա դուստրն ու 7-ամյա որդին։