Ղազախստանում հունվարի 27-ից ուժի մեջ են մտնում երկրի տարածք օտարերկրացիների մուտք գործելու նոր կանոնները։ Ըստ այդմ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան Ղազախստանում 180-օրյա ժամանակահատվածի համար մնալ 90 օր։ Ընդ որում՝ նրանք այլեւս չեն կարողանա Ղազախստանում իրենց օրինական ներկա լինելու ժամկետը երկարաձգելու համար հեռանալ երկրից եւ անմիջապես վերադառնալ։
Նախկինում գործում է այլ կարգ, ըստ որի՝ կարելի էր երեք ամիսը մեկ անգամ հատել սահմանը եւ անմիջապես վերադառնալ, որով Ղազախստանում օրինական մնալու ժամկետը թարմացված կհամարվեր։ Դա հնարավորություն էր տալիս այդ երկրում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար հավելյալ թղթաբանությամբ չզբաղվելու։ Ներկայում, սակայն, ներգաղթյալները Ղազախստանում երկար ժամանակով մնալու համար պարտավորված կլինեն ստանալ ժամանակավոր կացության իրավունքի թույլտվություն։