Ըստ «24.kg» լրատվամիջոցի՝ պաշտոնապես ավարտվել է ղրղզա-ուզբեկական սահմանի դելիմիտացիան։ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի նախագահները սահմանների դելիմիտացիան ավարտելը վավերացնող փաստաթղթեր են փոխանակել։
Երկկողմ բանակցությունների ընթացքում երկու նախագահները նաեւ ստորագրել են համակողմանի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ «Այսօր մեզ համար պատմական օր է։ Ղրղզստանն ու Ուզբեկստանը ավարտել են սահմանների դելիմիտացիան, դա վավերացնող փաստաթղթեր են փոխանակել եւ ստորագրել ղրղզա-ուզբեկական սահմանի մասին պայմանագիր։ Սահմանային խնդիրներին այսպիսով վերջ է տրվել»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ընդգծելով, որ սահմանային հարցերի վերջնական կարգավորումը առանցքային դեր կխաղա սահմանամերձ շփումների ամրապնդման եւ Կենտրոնական Ասիայում կայունության ու անվտանգության ապահովման գործում։
Ուզբեկստանը ստանում է Անդիջանի ջրամբարի 4,957 հազար հեկտար տարածքը եւ եւս 19,5 հեկտար տարածք՝ ամբարտակի սպասարկումն ու պաշտպանությունը ապահովելու համար։ Ղրղզստանը ստանում է 1,019 հազար հեկտար արոտավայր։ Ուզբեկստանը պարտավորվում է Անդիջանի ջրամբարում ջրի մակարդակը պահել ոչ բարձր, քան 900 մետր մակարդակի վրա, ղրղզստանցիների համար ապահովել ազատ հասանելիություն ջրամբարի ռեսուրսների նկատմամբ, ջրամբարի շուրջը ինժեներա-տեխնիկական կառույցներ չկառուցել։ Ղրղզստանն էլ պարտավորվել է պահպանել ջրի օգտագործման սահմանված ռեժիմը։