Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի՝ Լեհաստանը 60 միավոր PT-91 Twardy տեսակի տանկեր կուղարկի Ուկրաինա։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան «Տելեգրամի» իր էջում նաեւ գրել է, որ Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի նաեւ 14 միավոր Leopard 2 տեսակի տանկերը, որոնք ավելի վաղ խնդրել էր Կիեւը։ Նա շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին այդ որոշման համար։ «Միասին կջախջախենք թշնամուն»,- ամփոփել է Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային փոխանցել ժամանակակից պահանջներին համապատասխանող Abrams տեսակի տանկերի արդիականացված տարբերակներ։