ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց՝ բանաձեւի նախագիծը նաեւ նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․
- Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանը օժանդակություն։
- Միջազգային գործընկերների եւ Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։
- Նախագահի՝ 907-րդ բանաձեւի պահանջների անհապաղ կատարման ապահովում եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։
- Նախագահի՝ Արցախի շրջափակման եւ մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։
- Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում, ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։
ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձեւի նախագծի առաջխաղացումը: «Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու եւ նրանց իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ եւ ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»,- նամակում նշել է Ֆրենք Փալոնը։ Կոնգրեսականը պնդել է նաեւ, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի եւ օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, հակառակ դեպքում հումանիտար ճգնաժամը աղետի կհանգեցնի։