Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան վերահաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։ Այդ մասին Մոսկվան ավելի վաղ տեղեկացրել է ե՛ւ Երեւանին, ե՛ւ Բաքվին, եւ հրապարակավ խոսել է այդ մասին։ «Կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար։ Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքը կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը եւ քաղաքացիական հասարակության շփումները»,- հավելել է ռուս դիվանագետը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ն եւ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ըստ նրա, ի տարբերություն մյուս արտաքին խաղացողների, որոնք սահմանափակվում են լարվածության թուլացման կոչ անելով ու հայտարարություններով, Մոսկվան տեղում հանգուցալուծում է փնտրում եւ հումանիտար աջակցություն ցուցաբերում:
«Կոչ ենք անում ամբողջությամբ ապաարգելափակելու Լաչինի միջանցքը՝ ըստ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորելու տարաձայնությունները կարգավորելու համար»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։