ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին, հայտարարել է, որ «Եվրամիություն» անվանումը Արեւմուտքի ռազմական նպատակներն իրագործելու համար ընդամենը համաշխարհային գործերում ՆԱՏՕ-ի ակնհայտ դերը քողարկելու տարբերակ է։
Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ-ի միջոցով, ՆԱՏՕ-ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլեւս չեն առաջանա։ «Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվելու են։ Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ. դա կարող է օգնել։ Երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, այդ ամենը մեծ հարցականի տակ է դրվում»,- հավելել է Զախարովան։
Այդ համատեքստում նա հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, եւ այնտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։