Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ՀՀ-ում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջեւ մրցակցության պատանդ դառնա։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը եւ շարունակում է սխալ գնահատել՝ համարելով ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում որպես ՌԴ-ի դեմ ուղղված քայլ։ «Ավելի կարեւոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների հարցման եւ ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն նույնպես, իհարկե, կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ»,- պարզաբանել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն նաեւ գիտի այն դերի մասին, որը խաղացել է Ռուսաստանը՝ 2020-ի նոյեմբերի պատերազմը դադարեցնելու համար։ «Եվրամիության առաքելությունը քաղաքացիական է եւ առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ գործադրած ջանքերին աջակցելու գործում։ Եվրամիությունն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- նշել է Ստանոն։