ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հայտնել է, որ անտառների պահպանման վերահսկողությունը բարձրացնելու նպատակով կստեղծվի նոր՝ անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների 24/7 ռեժիմով աշխատող շուրջօրյա ծառայություն: Կիրակոսյանը նշել է, որ նախագիծն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի: Նա հավելել է, որ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում ամբողջությամբ կվերազինվեն վերահսկման համակարգերով, տեսանկարահանող սարքերով:
Անտառային կոմիտեի նախագահը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ 2022-ին 8 մարզի մոտ 14 հազար 410 բնակչի ավելի քան 80 հազար խմ թափուկ վառելափայտ է տրամադրվել: Կիրակոսյանը նշել է, որ թափուկ վառելափայտն անսահմանափակ չէ, եւ այն ամբողջությամբ անտառներից դուրս բերելը վնասակար է կենսաբազմազանությանը: Նա հավելել է, որ մարզերում վառելափայտը տրամադրվում է անտառամերձ բնակավայրերի՝ հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներին, ըստ չափաքանակի եւ Անտառային կոմիտեի տրամադրած կտրոնի առկայությամբ: Վլադիմիր Կիրակոսյանը հայտնել է, որ անտառների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թափուկի տրամադրման գործընթացն այս պահին ժամանակավորապես կասեցվել է:
Անտառային կոմիտեի նախագահը նշել է, որ 2022-ին մոտ 237 հեկտար տարածքում անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ են կատարվել: «Աճեցվել է 250 հազար փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնվել են 5 հա տնկարան, 6 ժամանակակից ջերմոցային համալիր, 4440 հա անտառածածկ տարածքում ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ են արվել»,- ամփոփել է Կիրակոսյանը: