Ըստ The Hollywood Reporter-ի՝ Universal Pictures ընկերությունը չեղարկել է համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-երգչուհի Մադոննայի մասին կենսագրական կինոնկարի նկարահանումը։ Կինոնկարի նկարահանումներով պետք է զբաղվեր հենց Մադոննան։ Այս տեղեկությունը հայտնվեց մամուլում, հենց որ Մադոննան հայտարարեց, որ սկսում է համաշխարհային մեծ համերգաշար։
The Hollywood Reporter-ը մանրամասնում է, որ ըստ բազմաթիվ աղբյուրների՝ նկարահանումը չեղարկվել է համաշխարհային մեծ համերգաշարի մասին հայտարարելուց առաջ՝ 2022 թվականի տարեվերջին։ Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2020 թվականին։ Կինոնկարը պետք է բացահայտեր Մադոննայի կարիերայի՝ մոտ չորս տասնամյակ ընդգրկող ժամանակագրությունը: Բացի երաժշտությունից՝ երգչուհին մտադիր էր եղել խոսել նաեւ արվեստի, կինոյի, նորաձեւության եւ բարեգործության ոլորտում իր աշխատանքների մասին։