ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար արդարադատության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային հսկողության սարքավորումներ եւ դրանց համապատասխան ծրագիրը։
Էլեկտրոնային վերահսկողության սարքավորումները կկիրառվեն նաեւ 2023 թվականի հուլիսի 1-ից քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատազրկման այլընտրանք համարվող նոր պատժատեսակի՝ ազատության սահմանափակման դեպքում։ Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում: Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվելու են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, ինչի միջոցով Պրոբացիայի ծառայությունը հնարավորություն կունենա հսկելու անձի տեղաշարժը եւ խախտումների դեպքում միջոցներ ձեռնարկելու խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության 30 աշխատակից անցել է վերապատրաստման դասընթացներ, որոնք լինելու են շարունակական:
Նախկինում մեր երկրում էլեկտրոնային հսկողության սարքեր չեն եղել։ Դրանք առաջին անգամ կիրառվել են 2023 թվականի հունվարի 7-ին Երեւանում: Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել 200 էլեկտրոնային հսկողության շղթա, 150 ներտնային վերահսկման սարք:
«Շղթաները նախատեսված են ե՛ւ ձեռքին, ե՛ւ ոտքին ամրացնելու համար։ Էլեկտրոնային հսկողության սարքի՝ անձի ոտքին կամ ձեռքին ամրացվելու սկզբունքը որոշվում է ըստ նպատակահարմարության, այսինքն՝ էլեկտրոնային հսկողության շղթայի՝ համապատասխան կիրառման դեպքում առավել արդյունավետ կարգավորում ստանալու հնարավորության: Սարքավորումները ձեռք են բերվել Լեհաստանի Հանրապետությունից, ծախսվել է 220 միլիոն ՀՀ դրամ»,- պատասխանելով «Ալիք Մեդիայի» գրավոր հարցմանը՝ նշում է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանը։
Էլեկտրոնային հսկողության սարքավորումները կարող են կիրառվել այն մեղադրյալների նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոց կամ այն դատապարտյալների, նկատմամբ որոնց վերաբերյալ դատարանի որոշմամբ նշանակվել է ազատության սահմանափակում պատժատեսակ։
Դատարանը էլեկտրոնային սարքերի միջոցով հսկողություն կիրառում է պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման դեպքերում:
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը վստահեցնում է՝ էլեկտրոնային հսկողության սարքավորումների ձեռքբերումը կլինի շարունակական:
Էլեկտրոնային հսկողության սարքավորումները կարող են գործարկվել բազմաթիվ անգամներ, սակայն դրանց մարտկոցները նախատեսված են մինչեւ 3 տարի ժամկետով օգտագործման համար, որից հետո դրանք հարկավոր է փոխել։
Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանն ասում է՝ ոչ միայն պատիժը կրողների, այլեւ պետության համար արդյունավետ է էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառումը։ Պատկան մարմինները կարող են ժամանակակից սարքավորումների միջոցով արդյունավետ վերահսկողություն սահմանել պատիժը կրողի նկատմամբ, բացի այդ՝ պետությունը պատիժը կրողի համար հավելյալ միջոցներ չի ծախսի՝ նրան կալանքի տակ պահելով։ Իհարկե, այս որոշումները կայացվում են այնպիսի դեպքերում, երբ պատիժ կրողը դատարանի որոշմամբ համարվում է հասարակության համար ոչ վտանգավոր։
Այս օրենսդրական փոփոխության շնորհիվ էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ մարդիկ կարող են ապրել իրենց միջավայրում, շարունակել աշխատել, բացի այդ՝ նրանց վրա հոգեբանական ճնշումը նվազագույնի է հասցվում։
«Պետք է ընդգծեմ՝ պրակտիկայում հանդիպում են այնպիսի քրեական գործեր, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը գործի քննության ընթացքում՝ մինչեւ դատարանի որոշումը, կալանքի տակ է մնում։ Ի վերջո դատարանը նրան կարող է մեղավոր ճանաչել կամ արդարացնել։ Քիչ չեն դատական գործերը, երբ դատարանի որոշմամբ կալանքի տակ պահված անձն արդարացվում է։ Նաեւ այսպիսի դեպքերի համար էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառումը շատ արդյունավետ է։
Այս սարքերը միջազգային պրակտիկայում փորձարկված, կալանքի որակյալ այլընտրանք են, եթե բոլոր մեխանիզմներն արդյունավետ գործեն»,- ասում է Վիկտորյա Պետրոսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։