Ես իմ սերնդի այն քչերից էի, որ երբեք չփորձեցին խուսափել բանակից։ Սովետակա՛ն բանակից։ Բնականաբար իմ ծնողներն էլ շատ կուզեին, որ այդ երկու տարին ես լինեի ոչ թե հեռավոր ու անկանխատեսելի մի վայրում, այլ իրենց կողքին։ Նրանք էլ մտածած կլինեին զորակոչից ինձ հետ պահելու մի հնարի մասին, բայց ես վճռականորեն հայտարարում էի` ուզում եմ ծառայել։
Դա հայրենասիրական պոռթկում չէր, քաղաքացիական պարտքի սրված գիտակցում չէր։ Ես ուզում էի նախ որոշ ժամանակ հեռու լինել տնից ու գտնել ապրելու ինքնուրույն կերպը։
Կարող էի, իհարկե, գնալ ուրիշ քաղաք՝ սովորելու կամ աշխատելու, բայց դրա համար գոնե նվազագույն ֆինանսական օրհնություն էր պետք։ Ասեիր՝ փող տվեք, գնում եմ ապրելու ինքնուրույն կերպս փնտրելու, կասեին՝ դասերիդ հետեւիր, կերպդ հետո կգտնես։
Իսկ բանակը պետական «օրհնություն» էր։ Իրենք տանում են, իրենք հանդերձավորում, կերակրում են, հետն էլ ապահովում են մի միջավայր, որտեղ ապրելու կերպն ինքն է գտնում քեզ։ Միակ խնդիրն ազատությունն էր։
Փաստորեն ես ընտանեկան «կապանքներին» գերադասեցի պետական «կապանքները»։ Բայց տղամարդկանց 70 հոգանոց (+ մի 20-25 սպա) միջավայրում «կապանքներն» աշխատեցին որպես ԵՍ-ի կատալիզատոր։ Ընտանեկան «կապանքները» ԵՍ-ա-սիրության, նույնիսկ ԵՍ-ա-մոլության հարուցիչ են, իսկ այնտեղ դու սովորում էիր ինքնասեր լինել։
Ինքնասեր կարելի է լինել, երբ քեզ նայում ես կողքից՝ ռուս Օրեխովի, տաջիկ Միրզասաիդովի, վրացի Մարգոշիայի, ադրբեջանցի Բաղիրովի, ուկրաինացի Տորսկու, լատվիացի Կարանսի եւ բազում այլոց աչքերով։ Ինքնասեր կարելի է լինել, երբ քեզ նայում ես հրամանի հնչման եւ կատարման ուղղահայացում։ Ինքնասեր կարելի է լինել, երբ քեզ նայում ես հավանական հակառակորդի (вероятный противник) աչքով։
Ով էր այդ հավանական հակառակորդը՝ այդպես էլ չիմացանք։ Պատերազմ չկար։ Իմ տեսած, ապրած բանակը պատերազմի բանակ չէր։ Կար Աֆղանստանը, բայց դա էլ, ինչպես անցած տարվա փետրվարին ռուսներն իրենց վարքն էին անվանել, մեծ հաշվով պատերազմ չէր, հատուկ գործողություն էր ուրիշի տարածքում։
Սովետը կարոտողներից չեմ, միտում չունեմ իդեալականացնելու սովետական որեւէ բան, առավել եւս՝ բանակը, բայց պետք է ասեմ, որ շատ նեղություններ, դժվարություններ, անհեթեթություններ հաղթահարելով՝ վերջնարդյունքում երբեք նվաստացած ու ստորացած չէիր լինում։ Համակարգն այնպիսին էր, որ քո ԻՆՔԸ (բանակում ԵՍ չկա) ամեն անկումից հետո բարձրանում էր, ամեն տապալումից հետո հաստատվում առավել ամուր։
Հիմա շատերն ասում են. «Ա՛յ, մեր բանակն այսպիսին է, որովհետեւ մենք սովետական մոդելն ենք ընտրել»։ Ո՞ր մոդելը պիտի ընտրեինք, եթե մեր փորձառության մեծագույն մասը սովետական էր։ Սովետականն էլ ինքն իրենով չէր հորինվել, ընտրել էր ցարական Ռուսաստանի բանակի մոդելը, ցարական բանակն էլ հաստատ շատ բաներ փոխառել էր եվրոպական ռազմական պրակտիկայից։
Մեր բանակը սովետական մոդելի պատճառով չէ այսպիսին։ Մեր բանակի գլխավոր խնդիրը պատերազմն է։ Բանակները հավաքվում, ստեղծվում են, նրանց ներքին կառույցները մտածվում ու գործադրվում են, որպեսզի պատերազմեն։ Մենք պատերազմեցինք՝ հընթացս բանակ ստեղծելով։ Եկան ինքնաբուխ ֆիդայիներն ու տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպող քաջ տղերքը, եկան սովետական բանակի միջին ու բարձր դասի սպաները, եկան քաղաքական ֆունկցիոներներն ու ստեղծեցին (այն ժամանակների համար) անստեղծելին։
1990 թվական, սեպտեմբերի 24, ՀՀ Ներքին գործերի նախարարության Հատուկ գնդի ստուգատես
Նոր բանակ ստեղծելու համար կրթություն էր պետք, գիտություն էր պետք, երաժշտություն էր պետք։ Վազգեն Սարգսյանին մի անգամ հարցրի. «Էդ «Հայրիկ» ֆիլմի քնարական երգն ինչո՞ւ եք դարձրել բանակի հիմն», ասաց. «Սպասեցի, որ մեր կոմպոզիտորներից մեկը մի քայլերգ, մի օրհներգ գրի, չգրեցին։ Ես էլ իմ ընտրությամբ վերցրի «Երազի երկիրը»»։
Եզրակացություն անելուց առաջ մի բան էլ պատմեմ։ Մեր հիմնարկի վարորդներից մեկի տղան ուզում էր ռազմական ինստիտուտ ընդունվել, բայց ուժերի վրա վստահ չէր։ Մարդը գիտեր, որ Վազգենի հետ մտերիմ եմ, խնդրեց խնդրել, որ միջնորդի տղայի համար։ Մի միջոցառման ժամանակ հանդիպեցինք, խնդրեցի։ Վազգենն ասաց. «Բժշկական թղթերը նորմա՞լ են»։ Ասացի՝ այո՛, առողջ տղա է։ «Դե, ուրեմն թող գնա առանց իմ ասելու, ինստիտուտում խրոնիկական նեդաբոր ա» (նախատեսված տեղերի եւ դիմորդների քանակի անհամապատասխանություն, տեղերը շատ են, դիմորդները՝ քիչ)։ Ո՞նց՝ զարմացա։ «Ըտենց, մեր ազգը չի ուզում իր բանակին սպա տալ»,- նեղսրտած պատասխանեց։
Այսպես բանակը մնաց ինքնաբուխ քաջ ֆիդայիներին ու տեղական ինքնապաշտպաններին, սովետական բանակի միջին ու բարձր դասի սպաներին, գործազրկության հաղթահարման շրջանակում հավաքագրված պայմանագրայիններին։ Մի խոսքով նրանց, ովքեր բանակն ընկալում էին որպես պատերազմական փառքի ստվեր, որպես սոսկ մասնագիտություն, որպես աշխատատեղ։ Եվ այս պայմաններում գլխավոր դերը վերապահված էր ճարպիկ ֆունկցիոներներին ու մարմանդ բյուրոկրատիային։
Ափսոս էր երեխան՝ կասեր Վանո Սիրադեղյանը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։