Հունվարի 26-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ, Լոռու մարզի Արեւածագ գյուղի միջնակարգ դպրոցում ռազմամարզական բաց դասարանի բացման արարողություն է եղել։
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման «Թումանյան» բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը շնորհակալություն է հայտնել գաղափարն իրականություն դարձրած բոլոր աջակիցներին։
Ռազմամարզական բաց դասարան ունենալու գաղափարը «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ Զորայր Հարությունյանինն է։ Նա «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրով է այս դպրոց եկել։
Ռազմամարզական դասարանի կառուցումը նախորդ տարի սեպտեմբերին էր մեկնարկել։ Շինարարական աշխատանքներին, դպրոցի անձնակազմից եւ աշակերտներից բացի, մասնակցել են նաեւ գյուղացիները։
Ըստ նախաձենության հեղինակների՝ սա Հայաստանում առաջին ռազմամարզական բաց դասարանն է։ Այստեղ տեղադրված են լեռնամագլցման վարժասարք, թիրախներ, ժամապահի ծառայության կետ եւ այլն։ Կա նաեւ իրական զորային հրաձգարանի նմանեցված հրաձգության բնագիծ։
Արեւածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցը 126 աշակերտ ունի։ Բաց հրաձգարանում նրանք կանցկացնեն ռազմագիտության դասերի գործնական պարապմունքները։
Հրաձգարանը նախատեսված է նաեւ հարակից համայնքների դպրոցների աշակերտների, պահեստազորային տարիքի երիտասարդների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործելու կրակային պատրաստության վերաբերյալ իրենց գիտելիքները։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։