Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկնորսությունը խստորեն արգելվել էր 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023-ի հունվարի 20-ը ներառյալ: Մարզերում եւ Երեւանում 1399 ստուգումների ընթացքում հայտնաբերվել է սիգի ապօրինի որսի, վաճառքի եւ տեղափոխման 56 դեպք։ Առգրավվել են 1145,3 կգ սիգ տեսակի ձուկ եւ 10 կգ սիգի ձկնկիթ։
«Սիգն ու ձկնկիթն առգրավվել են Սեւանա լճից, մայրուղիների հենակետերից, Երեւանի եւ մարզերի շուկաներից, ձկան վաճառակետերից»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը առգրավված ձուկը եւ ձկնկիթը փորձաքննության է ենթարկել, այնուհետեւ հատկացրել տուն-ինտերնատներին, մանկատներին, բարեգործական հիմնադրամներին եւ հոգեկան առողջության կենտրոններին։
Անցած տարվա համեմատ ավելացել է հայտնաբերված ձկնորսական ցանցերի եւ խեցգետնաորսիչների թիվը։ 2022-ին հայտնաբերվել էր 161 ցանց եւ 52 խեցգետնաորսիչ, իսկ այս տարի՝ համապատասխանաբար 174 ցանց եւ 95 խեցգետնաորսիչ: Հայտնաբերվել է նաեւ 3 լողամիջոց։ Մարզերում եւ Երեւանում անցկացված ստուգումների ընթացքում առգրավվել են 1843,8 կգ սիգ ձուկ եւ 12,3 կգ ձկնկիթ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածով (ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը), ինչպես նաեւ 1126-րդ հոդվածով (ՀՀ տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը եւ իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի) պատրաստվել է 1-ական նյութ։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածով (ապօրինաբար ձկնորսությամբ եւ ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը) պատրաստվել է 20 նյութ։
36 օր տեւած խստացված վերահսկողությանը մասնակցել են ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։