ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ) ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը հայտարարել է, որ այսուհետեւ ցանկացած խցանված խաչմերուկ, անկախ նրանից` այնտեղ կա «խաչմերուկի տարածք» գծանշումը (այսպես կոչված վաֆլի), թե ոչ, մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի։ «Նախկինում միայն դեղին գծանշումով խաչմերուկ չէր կարելի մուտք գործել, եթե առջեւում առաջացել էր խցանում, հիմա լրացում ենք արել օրենքում, որպեսզի մի փոքր մեղմենք խցանումները»,- հավելել է Խաչատրյանը։
Մասնագետն անդրադարձել է նաեւ «Էլեկտրամոբիլների լիցքավորում» նշանին, որը հիմնականում կգործարկվի դպրոցների ու մանկապարտեզների մոտ։ «Տեղեր կան, որտեղ օրվա տարբեր ժամերին ճանապարհային երթեւեկության նշանը պետք է տարբեր տեղեկություններ հաղորդի։ Օրինակ` դպրոցների մոտ դասերի ժամերին թույլատրելի արագությունը այլ պետք է լինի, բայց դասերից հետո կամ ոչ աշխատանքային ժամերին այն կարող է փոփոխվել, որպեսզի վարորդի համար արհեստական խոչընդոտ չլինի։ Սա հնարավոր է կազմակերպել միայն փոփոխվող ճանապարհային նշանով»,– ընդգծել է նա։
Շուտով կգործարկվեն նաեւ անկյունագծային հետիոտնային անցումները առավել բանուկ խաչմերուկներում, որտեղ հետիոտնային ինտենսիվությունը ժամում 900 եւ ավելի մարդ է։ Մասնավորապես, Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, ամենայն հավանականությամբ, առաջինը կգործարկվի ճանապարհային նոր գծանշումը։