Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթ խնդիրների թվում է։
Ըտս հաղորդագրության՝ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ եւ բարգավաճմամբ, տրանսպորտային-լոգիստիկ, առեւտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ եւ բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։ «Ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային ներուժի հաղթահարման ուղղությամբ։ Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է»։
Նշվում է, որ դրա համար հիմք են ծառայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: «Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածությունների հստակ իրագործումից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվան ավելի լայն առումով հավատարիմ է գործող եւ ձեւավորվող բազմակողմ բանակցային ձեւաչափերին՝ նպատակ ունենալով առաջ մղելու 2021-ի դեկտեմբերին գործարկված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաեւ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ-ում այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների, համարում են օգտակար եւ ժամանակին։