Հունվարի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ ՔՊ խմբակցությունն առաջարկել է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից։
Հանձնաժողովի նախագահ եւ օրենքի համահեղինակ Գեւորգ Պապոյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարել է, որ արտարժույթով վարկերը որոշակի ռիսկեր են առաջացնում ՀՀ ֆինանսական համակարգի ու հենց վարկառու քաղաքացիների համար։ Պատգամավորի ներկայացրած պաշտոնական վիճակագրական տվյալներով` Հայաստանում «չաշխատող» (չվճարվող) վարկերը դրամային վարկերի մեջ 1% են կազմում, իսկ արտարժութային վարկերի մեջ` 5-6%։ Բացի դրանից՝ արտարժույթի տատանումներից «կախում» ունեցող քաղաքացիները, ըստ Պապոյանի, փորձում են օգտվել փոխարժեքի նվազումից ու հաճախ ֆինանսական շուկայից մեծ քանակությամբ արտարժույթ են գնում, ինչը արհեստական պահանջարկ ու գնային անհարկի նոր տատանում է առաջ բերում։ ԿԲ-ն էլ ստիպված է լինում միջոցներ ձեռք առնել շուկան կարգավորելու համար։ Պապոյանը տեղեկացրել է նաեւ, որ հայաստանյան բանկերը նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը քննարկման ժամանակ հայտնել է, որ արտարժութային վարկերը Հայաստանում հիմնականում մինչեւ 20 տարվա վաղեմությամբ վարկեր են։ Նման վարկառուները ներկա դրությամբ մեր երկրում հարյուրհազարավոր են։
Քննարկման ավարտին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական առաջարկին։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։