ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Մարտին Լոուրենսը հայտնել է, որ ադրբեջանցի «բնապահպաններից» շատ քչերն են իրականում բնապահպան։
Ադրբեջանցի «բնապահպանները» «Գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում
Բազմաթիվ լուսանկարներ կան, որտեղ ցուցարարները հայտնի պանթյուրքական, ուլտրաազգային խմբի՝ «Գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում: «Բացի դրանից, «բնապահպաններից» շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնց կամ ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը կամ Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Սոցցանցերում կան ցուցարարների բազմաթիվ նկարներ, որտեղ նրանք ռազմական հագուստով են, ավելին, Լաչինի միջանցքում հավաքվածները նման հայտարարություններ են անում` ադրբեջանցի զինվորն ամենահզորն է»,-նշել է Լոուրենսը։ Նա հավելել է, որ Արցախում Ադրբեջանի համար վիճահարույց համարվող 2 հանքերի գործողությունները դադարեցվել են, իսկ ԼՂ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավվածությամբ ուսումնասիրություն կատարել հանքերում։ Սակայն Ադրբեջանը ոչ մի պայմանի չի համաձայնում, Լաչինի միջանցքը չի բացում։
Հումանիտար աղետի վտանգն օր օրի ավելանում է
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Կոստանտինոս Սալոնիդիսն էլ իր հերթին հայտնել է, որ ԼՂ-ում իրավիճակը շարունակում է ծայրահեղ մնալ։ «Ավելի քան 1000 մարդ կտրված է իր ընտանիքից, այդ թվում` հարյուրավոր երեխաներ։ Պատկերացրեք` 50 օրերի ընթացքում ինչ են զգացել այդ երեխաներն ու նրանց ծնողները։ Ավելին, շատերն իրենց հարազատների թաղման արարողությանը չեն կարողացել մասնակցել, քանի որ Լաչինի միջանցքով անցնել չեն կարող. «ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը եւ մահը»,-նշել է Սալոնիդիսը։ Նա ամփոփել է` նշելով, որ Ադրբեջանն արգելում է միջազգային որեւէ առաքելության մուտքը ԼՂ, եւ ստեղծված իրավիճակում հումանիտար աղետի վտանգն օր օրի ավելանում է։
Հաագայի դատարանն այս դեպքում պարտավոր է գործել եւ գործել անհապաղ
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Պիեռ դ՛Արժան էլ ասել է, որ Լաչինի միջանցքում հավաքված, այսպես կոչված, «բնապահպանները» տարածքային ու էթնիկ զտման կարգախոսեր են հնչեցնում, ասելով.«Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»։ Իսկ սա նշանակում է, որ հայերը տեղ չունեն ԼՂ-ում։ «Եթե անգամ այդ «ցուցարարների» նպատակն իրոք հանքերի գործունեությունը լիներ, միեւնույն է, դու չես կարող փրկել բնությունը` 120 հազար մարդու թույլ չտալով սնվել կամ զրկելով բուժօգնությունից։ Պիեռ դ՛Արժան հավելել է, որ Հաագայի դատարանն այս դեպքում պարտավոր է գործել եւ գործել անհապաղ։ Նրա համոզմամբ` եթե հրատապ միջոցներ չկիրառվեն Ադրբեջանի դեմ, շուտով ԼՂ-ում հայեր չեն մնա։ Միջազգային իրավունքի փորձագետը նշել է, որ Լաչինի ընթացիկ շրջափակումը վերացնելը բավարար չի լինի, պետք է երաշխավորել, որ Ադրբեջանը նման քայլերի հետագայում էլ չի դիմի։