Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հունվարի 30-ին հանդիպում է ունեցել ավելի քան 9 տասնյակ ձկնաբույծների հետ:
Քննարկմանն առաջնահերթ կարեւորվել են ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգով գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություն ստանալու կամ երկարաձգելու ժամանակ օրենքով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթաց անցնելու հարցերը։
Նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության վարչության ղեկավարը ներկայացրել է վերջերս մշակված «Ձկնարդյունաբերության թափոնների վերամշակման» ուղեցույցը։
Անդրադառնալով ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի խնդիրներին՝ նախարարը ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված օրենսդրական կարգավորումերի գործընթացը եւ ձկնաբուծությամբ զբաղվողներին խնդրել պատասխանատվությամբ մոտենալ ռեսուրսների օգտագործմանն ու առաջնորդվել օրենքով։
Որոշվել է խնդիրների կարգավորման ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատող համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում 2016 թվականին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրային եւ ջրատնտեսական արժեքների հաշվարկի ժամանակ բացահայտվել է, որ արտեզյան ավազանը գերշահագործվել է, այնուհանդերձ ջրօգտագործումը չի նվազել: Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային ջրի ծավալը վերջին 5 տարում կրճատվել է 2,5 անգամ։ Դրա հիմնական մեղավորներն են նաեւ գործող ու չգործող ձկնաբուծարանները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։