ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի որեւէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Նշանակվել են վարչական ու քաղաքացիական դատարանների նախագահներ
Բարձրագույն դատական խորհրդի 2023-ի հունվարի 23-ի առաջարկով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավոր Աղասի Ղազարյանը երեք տարի ժամկետով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։ Աղասի Ղազարյանը 2005-2008 թվականներին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, իսկ 2008-ից` ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Մեկ այլ հրամանագրով դատավոր Ավագ Գաբրիելյանը երեք տարի ժամկետով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ: Գաբրիելյանը 2009-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018-ից՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: