Էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում նախատեսվում է մետաղների թափոնների ձուլման արտադրամաս գործարկել: Հունվարի 25-ին Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում ձուլման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության եւ փորձաքննության վերաբերյալ հանրային լսում էր: Այն չորրորդն էր, բայց անգամ այս որոշիչ հանդիպմանը հանրության ներկայացուցիչներ չէին մասնակցում:
Նախաձեռնող կողմի հավաստմամբ հանրությունը հետաքրքրված չէ: ՇՄԱԳ հաշվետվություններ կազմող ընկերության ներկայացուցիչ Վռամ Թեւոսյանը նշեց, որ հատկապես Երեւանում հանրությունը ակտիվ չի մասնակցում հանրային լսումների: «Մարզերում էլի գալիս են, հատկապես, երբ հարցը վերաբերում է հանքարդյունաբերությանը: Երեւանում հատուկենտ դեպքեր կան, երբ հանրությունը մասնակցում է լսումներին»,- ասաց նա:
Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սարգիս Սահակյանը հավաստիացրեց, որ իրենք հանրության շահերն են ներկայացնում, եւ աշխատակազմից մասնակցողները եւս Էրեբունու բնակիչներ են:
Մետաղաջարդոնի ձուլարանի գործարկումը նախաձեռնել է «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ն: Արին Բերդի փողոցի 22/1 հասցեում վարձակալված տարածքում նախատեսում են ամենօրյա ռեժիմով մետաղական թափոնների՝ ալյումինի, պղնձի համաձուլվածքների եւ պողպատի ջարդոն ընդունել ու ձուլման եղանակով վերամշակել: Ստացված ձուլակտորներն ու կիսապատրաստուկներն էլ հիմնականում արտահանելու են:
Արտադրության համար հիմք է դարձել մետաղների վերամշակումից ստացվող արտադրատեսակների պահանջարկը, ինչպես նաեւ հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին կառավարության որոշումը, որ վերաբերում է նաեւ սեւ մետաղից սալիկներին եւ օգտագործված թուջե ռադիատորներին, սեւ եւ գունավոր մետաղի թափոններին ու ջարդոնին, սեւ մետաղից պատրաստված խողովակներին ու դրանց կցամասերին:
Արտադրամասում տեղադրվելու են 2 ինդուկցիոն (էլեկտրական) վառարաններ, յուրաքանչյուրը 3 տ/ժամ արտադրողականությամբ, որոնք աշխատելու են հաջորդաբար։ Տարվա ընթացքում նախատեսվում է ձուլել 700 տոննա պղնձի, 1180 տոննա ալյումինի, 700 տոննա արույրի եւ բրոնզի, 400 տոննա պողպատի թափոն։ Վառարանների բեռնման հաճախականությունը կախված է թափոնի քանակից, բայց ոչ ավելի, քան 140 տոննա երկու օրվա ընթացքում: Ավելի շատ հումք պահեստավորելու տարածք ուղղակի չունեն:
Մոտակա բնակելի հատվածը գտնվում է մոտ 810 մետր, «Էրեբունի» բշժկական կենտրոնի մոտակա մասնաշենքը՝ 680 մետր հեռավորության վրա:
Վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը հետաքրքրվեց, թե ինչու արտադրությունը չեն նախատեսում Երեւանի տարածքից դուրս: «Առանց այն էլ Էրեբունին ծանրաբեռնված է տարբեր արտադրական ձեռնարկություններով»,- հավելեց Սարգիս Սահակյանը:
Արտադրամասի հնարավոր բնապահպանական բացասական ազդեցությունը հաշվարկած ընկերության ներկայացուցիչ Վռամ Թեւոսյանը հավաստիացրեց, որ հաշվի են առել հնարավոր բոլոր ռիսկերն ու առաջարկել դրանց մեղմման գործողություններ:
Նա տեղեկացրեց, որ ջրօգտագործումը փակ ցիկլով է կատարվելու, եւ օրական նախատեսվում է ընդամենը 25-28 լիտր ջրօգտագործում՝ համակարգի կորուստները համալրելու համար: «Ջրի արտադրական արտահոսքը բացառված է»,- հավաստիացրեց Թեւոսյանը:
Ինչ վերաբերում է առաջացած խարամին, ապա այն, ձեռնարկողների հավաստմամբ մեծ պահանջարկ ունի Հայաստանում, հատկապես Ալավերդու պղնձաձուլարանի փակվելուց հետո եւ օգտագործվում է այլ ձուլարաններում եւ ցեմենտի արտադրության մեջ:
Արտանետման ընթացքում որսված փոշին էլ նախատեսում են տեղափոխել Նուբարաշենի կենցաղային աղբավայր՝ օգտագործելու սեղմված աղբը ծածկելու համար: Հաշվարկել են նաեւ հնարավոր աղմուկը: Հավաստիացնում են, որ այն եւս թույլատրելիի սահմանում է լինելու:
«Բայց իհարկե մի բան է թղթի վրա գրվածը, այլ բան է իրականությունը: Ուստի տեսչական մարմինը, համայնքն իրենց լիազորությունների շրջանակում պետք է վերահսկեն, որ նախատեսված նորմերը պահպանվեն, ու գործողությունները կատարվեն»,- ասաց Վռամ Թեւոսյանը:
Հիմնական բնապահպանական ռիսկը դեպի օդային ավազան արտանետումներն են: Ձուլման ընթացքում արտանետվում են պինդ մասնիկներ, որոնք որսալու են թեւքային զտիչների միջոցով: «Դրանք 97-98 տոկոսով կարող են կլանել առաջացող փոշին՝ ծանր մետաղների մասնիկները»,- նշեց Թեւոսյանը: Ֆոնային աղտոտվածությունը տարածքում այնքան բարձր է, որ ձուլարանի արտանետումները օդի աղտոտվածության մակարդակը կավելացնեն ոչ ավելի, քան 10 տոկոսով:
Ծխնելույզի բարձրությունը 12 մետր է լինելու: Ձեռնարկողների պնդմամբ այդ բարձրությունը հաշվարկված է այնպես, որ արտանետումների նստեցումը արտադրական տարածքի սահմաններում մնա:
Որպես շրջակա միջավայրի վրա գործունեության բացասական ազդեցությունները նվազեցնող միջոցառում նախատեսում են տարածքը կանաչապատել, իհարկե եթե սեփականատերը համաձայնի: Բայց կանաչապատման համար կարող են հատկացնել ոչ ավելի, քան 20 քմ տարածք, որը, մասնագետների պնդմամբ, բավարար չէ նշված ծավալի արտանետումների չեզոքացման համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։