Ազատանցի Պողոսյանների ընտանիքը 6 ամիս շարունակ Կառավարությունից ու պաշտպանության նախարարությունից պատասխանի է սպասում. խաղաղ պայմաններում ինչո՞ւ եւ ո՞ւմ մեղքով զոհվեց Պողոսյան գերդաստանի միակ արու զավակը՝ Պալյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Սյունիքի դիրքերից մեկում վառարանից բռնկված հրդեհի պատճառով 19-ամյա Պալյան Պողոսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 10 օր պայքարել է կյանքի համար, բայց նրան փրկել չի հաջողվել։
Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանն, ասում է՝ հրդեհը հուլիսի 16-ին է եղել, դեպքի մասին իրենք իմացել են 2 օր անց միայն: Գույժն էլ լսել են ոչ թե հրամանատարական կազմից կամ ղեկավարությունից, այլ տղայի ծառայակից ընկերոջից: Որդեկորույս մայրը վստահ է՝ կատարվածը անփութության հետեւանք է: Ինչո՞ւ հրդեհ բռնկվեց դիրքերում, ինչո՞ւ իր որդուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերվեց… Հարցեր, որոնց հասցեատերերը չկան:
«Տղայիս 5-6 ժամ անց նոր դիրքերից, այն էլ վիլիսով, նստած վիճակում տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Գոնե արագ Երեւան հասցնեին, կյանքը կփրկեին: Ոչ միայն տղայիս կյանքից զրկեցին, մեր կյանքն էլ դժոխքի վերածեցին»,- ողբում է երիտասարդ մայրը:
Տիկին Գալյան վստահեցնում է, որ մինչ օրս ոչ մեկը ոչ մի բացատրություն չի տվել, որեւէ մեկը Կառավարությունից իրենց չի ընդունել, չի այցելել: «Կարծես այդպես էլ պետք է լիներ, մի բան էլ մենք ենք իրենց հանգիստը խանգարում: Իմ ապագան իմ տղան էր, որին դուք տարաք ինձնից, մեզ էլ ցավի հետ մենակ թողեցիք»:
Պալյանի պապը՝ Ռուդիկ Պողոսյանը եւս հարց է ուղղում վերին ատյաններում նստած ու իրեն չընդունող ղեկավարներին. «Դուք խիղճ ունե՞ք, թե՞ չէ: Այրված երեխային ինչպե՞ս կարողացաք վիլիսով, նստած դիրքով ժամերով ճանապարհ տանել: Ո՞ւր են մեքենաները, ուղղաթիթը, բա ինչի՞ համար են, որ միայն որպես ծառայողական օգտագործե՞ք: Ես ուզում էի՝ երկիրս լավ լիներ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինե՞ր…»:
Պալյանի հարազատները վստահ են, որ եթե ժամանակին այս հարցին լուծում տրվեր, մեղավորները պատժվեին, վերջին հրդեհն ու 15 զոհը չէին լինի:
Գյումրեցի նախկին զինվորական Տիգրան Ավագյանը զարմանում է՝ ինչպես եղավ, որ երբ իշխանությունը չկարողացավ Բրյուսովի համալսարանում իր սրտի ուզած ռեկտորին անցկացնել, պաշտոնանկ արեց փոխվաչապետին ու ԿԳՄՍ նախարարին, բայց երբ սահմանը պահող բազմաթիվ զինվորներ, ըստ պաշտոնական վարկածի, զոհվեցին վառարանից ծագած հրդեհից, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվություն չկրեց: «Եթե վերլուծենք փաստերը, կտեսնենք, որ Դումանյանից ու Մաթեւոսյանից վախենալու բան չկար, բայց Պապիկյանին չեն կարող բան ասել: Եթե չվախենային, թիմակցին չէին խնայի»:
Ըստ Ավագյանի՝ անգամ պատերազմում չպետք է զինվոր զոհվի. «Բա ի՞նչ ենք սովորում, ինչո՞ւ ենք բանակ զորակոչվում: Չէ՞ որ սովորում ենք ինչպես չզոհվել պատերազմում, ուր մնաց վառարանի հրդեհից»:
Նախկին զինվորականն ասում է՝ իրական մեղավորներին չպատժեցին, քիչ է, մեկ ամբողջ միավորում անմարտունակ դարձրին՝ ծառայողներին ազատելով աշխատանքից. «Միայն դրա համար, որ առանց նախաքննության Կառավարության նիստում վարչապետը վերջնական վարկած է նկարագրում, արդեն քրեորեն պատժելի է: Ջրի գնացողները, հրշեջները, փրկված զինվորները հարցաքննվե՞լ էին, որ նման եզրակացության եկան: Կամ պաշտոնական երեք աղբյուրներ Ազատ գյուղում ստորաբաժանման երեք տարբեր ժամանակահատվածներ են մատնանշում: Մեծ մտածող լինել պետք չէ, որ հասկանաս՝ երեքից մեկը պետք է ճիշտ լիներ: Մյուս երկու ստողները մինչ օրս պատասխանատվության ինչո՞ւ չենթարկվեցին»:
Ավագյանը մանրամասնում է, որ եթե որեւէ տեղ ստորաբաժանում էր տեղակայվում, պետք է գերագույն հրամանատարությունն ու պաշտպանության նախարարը թույլտվություն տային, բայց այսօր ասում են՝ իրենք մեղք չունեն: «Բա պատասխանատուն ո՞վ է… Թեեւ արդեն ասել են. զինվորն ու սպան, վառարանն ու բենզինը, քամին ու ցուրտն են մեղավոր»:
Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունից, հրշեջ փրկարար ծառայությունից, քննչականից պետք է արդեն դատված մարդիկ լինեին: «Դեպքի վայրը պետք է պահպանության տակ առնվեր, մինչեւ համապատասխան մարմինները ապացույցներ գտնեին: Այնինչ դեպքի վայրում պատ են քանդել, առանց քննիչների ներկայության հրշեջները մարմինները հանել են։ Եթե ձեռք չտային, կերեւար կրակի ուղղությունը, շատ հարցերի վրա լույս կսփռվեր»,- ասում է Տիգրան Ավագյանը:
Պալյան Պողոսյանի մայրը մեղադրում է ո՛չ միայն իշխանություններին, այլեւ անտարբեր հասարակությանը: Ասում է՝ մարդիկ քար անտարբեր են այնքան ժամանակ, քանի դեռ վիշտն անձամբ իրենցը չէ: Կոչ է անում գոնե հիմա չլռելու՝ կանխելով հետագա նման դեպքերը:
ՀԳ. Թեեւ Գալյա Այվազյանը չցանկացավ խոսել այս թեմայով, բայց պետությունը բացի հուղարկավորության ծախսից (2 միլիոն դրամ) ոչ մի աջակցություն չի ցուցաբերել միակ զավակին կորցրած ընտանիքին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։