Ուկրաինական էժան հացահատիկը դարձել է «գլխացավանք» Արեւելյան Եվրոպայի ֆերմերների համար։ Ըստ DW-ի՝ նման իրավիճակ ստեղծվել է, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ուկրաինայի հետ առեւտրի պայմանների պարզեցումը հանգեցրել է նրան, որ ուկրաինական կերերը եւ պարենային ապրանքները սկսել են կուտակվել Բուլղարիայում, Չեխիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Սլովակիայում, ինչն իր հերթին խնդիրներ է ստեղծում տեղական ֆերմերների համար։ Նշված երկրների մասնագետները հայտարարել են, որ եթե ուկրաինական պարենային մթերքների եւ կերերի ծավալային աճը ԵՄ արեւելյան շրջաններում շարունակվի, ապա կարող է լուրջ խնդիրներ ստեղծվեն տեղի ագրարային ոլորտի արտադրողների համար։ Նախատեսվում է, որ ԵՄ գյուղատնտեսության ոլորտի գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում քննարկելու են այս հարցը եւ փորձելու են ստեղծված իրավիճակից ելքեր որոնել։ Խնդիրները հատկապես սուր են դրված հացահատիկային սեկտորում։ Օրինակ՝ անցյալ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ուկրաինայից միայն եգիպտացորենի արտահանումն այդ երկրներ ավելացել է մի քանի հազարից մինչեւ մի քանի միլիոն տոննա։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Եվրամիությունը պարենային հնարավոր ճգնաժամից խուսափելու համար ստեղծել էր Ուկրաինայի հետ սահմանակից երկրներում այսպես կոչված «համերաշխության միջանցքներ»՝ պարզեցնելով դրանցով Ուկրաինայից պարենի տեղափոխումն ու մաքսային վերահսկողությունը։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ այդ միջանցքներով Եվրոպա հասած հացահատիկը ոչ թե հասնում է համաշխարհային շուկա, այլ շարունակում է մնալ ու կուտակվել Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ շատ դեպքերում դառնալով անասնակեր եւ իր էժան գնի շնորհիվ սկսելով շուկայից դուրս մղել տեղական արտադրանքը։ Արեւելաեվրոպական վերոնշյալ վեց երկրները հայտարարել են, որ հետագայում էլ կշարունակեն աջակցել Ուկրաինայի ագրարային սեկտորին, եթե իրենց շուկաները ուկրաինական ագրարային սեկտորի արտադրանքից չտուժեն։ Նրանք նաեւ պնդում են, որ ստեղծված իրավիճակից տուժած տեղացի ֆերմերներին հարկավոր է վճարել փոխհատուցում։