Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը վարչական կիրառման մեջ է մտել: Փաստաթուղթը ստորագրվել է 2021-ի նոյեմբերի 15-ին եւ նպատակ ունի վերացնելու շուկայի սահմանափակումներն ու Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդհանուր ավիացիոն տարածք ստեղծել։
Ըստ ԵՄ Արեւելյան գործընկերության կայքի՝ համաձայնագրով ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան. նույն սկզբունքը կգործի հայկական ավիաընկերությունների համար։ Նաեւ կվերացվեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց եւ արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:
Հայաստանն օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոններին եւ չափանիշներին ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կառավարման, անվտանգության, շրջակա միջավայրի, տնտեսական կարգավորման, մրցակցության, սպառողների պաշտպանության եւ սոցիալական ոլորտներում:
Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարտավորություններին համահունչ՝ 2023-ին ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն կսկսի։
ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության հետ 2022-ի մարտին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցություն տրամադրելու երկամյա ծրագիր, հետագայում եւս ավիացիոն անվտանգության վերահսկողության կարողությունների բարձրացման հարցում Հայաստանին աջակցելու նպատակով: