Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Բրազիլիան արկեր չի մատակարարի Gepard ինքնագնաց զենիթային համակարգերի համար, որի մասին խնդրել է Գերմանիան։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո անցկացրած համատեղ ասուլիսում Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան «ահռելի մեծ սխալ» է գործել «այլ երկրի վրա հարձակվելով»։
Նա նաեւ ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության արմատներն իր համար այնքան էլ հասկանալի չեն։ Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ չափազանց քիչ առաջարկներ է լսել ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ընդ որում՝ հակամարտության կարգավորման առաջարկներից քիչ են խոսում թե՛ Մոսկվայում, թե՛ Կիեւում։ Դա նկատի ունենալով՝ նա առաջարկել է Բրազիլիայի միջնորդությունը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության կարգավորման հարցում։
Նախագահ Լուլա դա Սիլվան նաեւ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել նոր բազմակողմ ձեւաչափով։ Նա նշել է, որ առաջիկայում՝ մարտին, այցելելու է Պեկին եւ ուկրաինական կարգավորման հարցը կքննարկի նաեւ ՉԺՀ ղեկավարության հետ։