Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռեւս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Ըստ դեսպանության պարզաբանման՝ փոփոխության ուժի մեջ մտնելուն պես լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:
ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ի նիստում հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ 2009-ի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր ունեցող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից եւ ներպետական ընթացակարգերի ավարտից հետո: