Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ կարեւորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ անհրաժեշտ քայլերի իրագործումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը՝ շեշտելով 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին եւ 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրագործման կարեւորությունը: Շոշափվել են նաեւ հայ-ռուսական օրակարգի որոշ հրատապ հարցեր: