ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2022-ին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ցուցանիշը ռեկորդային է եղել։ Զուտ ներհոսքը եղել է շուրջ 2,5 միլիարդ դոլար։ «Առաջին երկիրը Ռուսաստանն է` մոտավորապես 71 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդը՝ այլ երկրները։ Այլ երկրները երկրների հանրագումար է, որոնցից փոխանցումների ծավալը շատ մեծ չէ։ ԱՄՆ-ի ծավալը չեմ ասում, որովհետեւ Ռուսաստանը տրանսֆերտների ընդհանուր ծավալի 71%-ն է»,– նշել է ԿԲ նախագահը։
Տրանսֆերտների ծավալով Հայաստանի համար Ռուսաստանն ավանդաբար առաջին տեղում է, եւ այդ երկրից փոխանցումները մշտապես ամբողջ ծավալի շուրջ 60%-ն են եղել։ 2020-2021 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան շուրջ 850 միլիոն դոլար է փոխանցվել։
Ոչ ռեզիդենտների ավանդների աճը եղել է 96,3 %
Գալստյանը հավելել է, որ Հայաստանում 2022-ի ընթացքում ավանդներն աճել են մոտ 43%-ով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը եղել է 29,4%, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝ 96,3%, տարեվերջի դրությամբ այն 1 միլիարդ 287 միլիոն դրամ է եղել:
Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ ԿԲ նախագահը նշել է, որ պաշարային ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 3 միլիարդ 370 միլիոն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 միլիարդ 287 միլիոն դրամ: