Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում։
Նա հավելել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ եռակողմ ու քառակողմ ձեւաչափերը մեծ օգուտ կբերեն տարածաշրջանին։ «Քանի որ Հյուսիսային միջանցքն այլեւս այլընտրանք չէ, փորձել ենք ընդլայնել Անդրկասպյան միջանցքի կիրառումը։ Հետագայում Հայաստանը եւս կկարողանա միանալ մեր նախագծերին։ Միջին միջանցքն ապագայում ավելի նշանակալի կդառնա»,- շեշտել է Չավուշօղլուն։
Տեղեկանք
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով եւ Սեւ ծովով դեպի եվրոպական երկրներ։ Միջանցքը բացվել է 2017-ին, այդ ժամանակից կոնտեյներային երեք գնացք է գործարկվել։ Երթուղին` Չինաստան (Սիան քաղաքի Լյանյունգան նավահանգիստ)-Ակտաու (Ակտաու նավահանգիստ)-Բաքու (Ալյաթ նավահանգիստ)-Թբիլիսի, այնուհետեւ կարող է հասնել մինչեւ վրացական Փոթի նավահանգիստ եւ Սեւ ծովով Եվրոպայի խորքեր կամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով շարունակվել Թբիլիսիից Կարս եւ Թուրքիայի տարածքով (Իզմիթ, Մերսին, Չերքեզքյոյ) հասնել Եվրոպայի երկրներ։
Երթուղով նաեւ (տարեկան մինչեւ 20 հազար կոնտեյներ) փոխադրումներ են կատարվում, իսկ Կասպից ծովի ջրատարածքով գործարկվել է տարեկան 10 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղային եւ ծովային տրանսպորտ։