Երեւանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ապրող հնդիկներ եւ հնդկական մշակույթի սիրահարներ։
Միջոցառումը նախաձեռնող հնդիկ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը նախ անդրադարձավ հայ-հնդկական դարավոր բարեկամությանը։
«Մենք ունենք նմանատիպ, խաղաղ եւ ժողովրդավարական արժեքներ։ Այս դժվարին ժամանակներում Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է՝ պաշտպանության ոլորտից մինչեւ մարդկանց միջեւ հարաբերություններ: Այս միջոցառումը Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությունն է, բայց դա նաեւ մեր կապերի կառուցման եւ ամրապնդման տոն է»,- ասաց Արջուն Կրիշնա Լալը։
Այժմ Հնդկաստանում գործում է յոթ հայկական եկեղեցի, որից երեքը Կալկաթա քաղաքում է: Կալկաթայում է նաեւ ամենահին քրիստոնեական եկեղեցին` 300-ամյա Ս. Նազարեթը։
Կալկաթայում եւ Չեննայում կան հայկական փողոցներ: 2009-ին էլ Նյու Դելիում Հայաստան անունով փողոց է անվանակոչվել: Առաջին հայկական տպարանը հիմնադրվել է Մադրասում:
«Հայ-հնդկական բարեկամական կապերն, իսկապես, կուռ են։ Իմ բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն են ստանում, հայերը շատ ջերմ են եւ սրտամոտ»,- ասաց Արջուն Կրիշնա Լալը։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Արջուն Կրիշնա Լալը պատմեց՝ Հայաստանի մասին լսել էր, բայց երբեք չէր եղել այստեղ։ 1,5 տարի առաջ, երբ կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառով Հնդկաստանում խիստ կարանտին էր սահմանված, Արջունը որոշեց ժամանակավորապես տեղափոխվել մի երկիր, որտեղ կարանտինն այդքան խիստ չէր լինի։ Եկավ Հայաստան եւ շատ սիրեց հայերին ու Հայաստանը։ Տեղափոխվելուց հետո նա շարունակում է ստեղծագործել եւ բիզնես գործունեություն ծավալել։ Մի քանի երկրում, այդ թվում՝ Հայաստանում, քոնթենթ-մարքեթինգի գործակալություն ունի, բայց որոշել է Հայաստանում ապրել։
Այժմ գիրք է գրում Հայաստանի մասին։ Գիրքը կոչվում է «Մտքերս»։
Արջունը Հայաստանում իրեն զգում է ինչպես իր տանը։ Նա շատ է ճանապարհորդել, եղել է աշխարհի 15 երկրում, բայց ինչպես ինքն է ասում, Հայաստանն ուրիշ է։
«Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչու եմ որոշել ապրել Հայաստանում։ Պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են եւ սրտաբաց: Սիրում եմ հայկական տոները։ Ինձ դուր է գալիս հատկապես, թե հայերն ինչպես են նշում Ամանորը. մարդիկ միմյանց հյուր են գնում, շնորհավորում են իրար։ Արշավների շատ եմ գնացել։ Նաեւ հայկական գյուղերում եմ եղել, համտեսել գյուղում պատրաստված համեղ խորովածը։ Բայց Հայաստանում ամենից շատ հայերին եմ սիրում։ Հաճելի է հայերի հետ շփվելը եւ զանազան թեմաներ քննարկելը։ Այստեղ ապրած ժամանակահատվածի, իմ փորձառության ու տպավորությունների մասին եմ գրում իմ նոր գրքում։ Հուսամ՝ այն շուտով կհրատարակվի»,- նշեց Արջուն Կրիշնա Լալը։
Միջոցառման վերջում հյուրերը հնդկական դասական պարեր եւ մանդալաներ ներկել սովորեցին, ավանդական ուտեստներ համտեսեցին եւ հնդկական ֆիլմ դիտեցին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։