«Լեռներ իմ, լեռներ, հայրենի լեռներ, բնական, խորդուբորդ ճանապարհներ»… 97-ամյա Եփրեմ պապը մանկական ոգեւորությամբ է արտասանում իր՝ տասնամյակներ առաջ գրած «Վայոց ձորի լեռները» բանաստեղծությունը: Գրեթե մեկ դար ապրած պապը հայրենի գյուղի մասին այսօր էլ սիրով է խոսում: 90-ամյա կինն էլ՝ Սանամ տատը, ամուսնու գովերգած լեռների հպարտությամբ է նստել Եփրեմ պապի կողքին: Իրենց հարազատ Արտաբույնքը հնամյա պատմություն ունի, մարզի ամենահին բնակավայրերից է՝ շուրջ 1500 տարվա հնության հիշատակումներով:
Գյուղի այցեքարտը դարձած Սմբատաբերդը 12-րդ դարում է կառուցվել, Օրբելյանների ոստան է եղել։ Բնակավայրի տարածքում է նաեւ Ցախացքար եկեղեցական համալիրը, որն էլ 10-րդ դարի կառույց է:
Այդ վայրեր տանող ճանապարհներն անբարեկարգ են: Գյուղացիները դժգոհում են՝ այդքան մարդ է աշխարհի ամեն անկյունից գալիս, ինչո՞ւ չկարողանան տեղ հասնել:
Բնակիչներին պատկանող հեկտարներով խոտհարքները եւս գյուղից հեռու են՝ մոտ 12 կիլոմետր: Ասում են՝ ոտքով էլ հասնել չեն կարողանում: Արտաբույնքի կեսը խմելու ջուր չունի, առուներով է ջուրը տեղ հասնում, մի մասը ճանապարհին կորչում է: Դժվարություններին հարմարվել են: Ընտրությունից ընտրություն գալիս են, «ոսկե սարեր» խոստանում, գնում: Գյուղացիները համակերպված ժպտում են՝ այսքան տարվա ընթացքում նույնիսկ «բրոնզե բլուր» չեն ստացել:
68-ամյա Սերգեյ Հախնազարյանը համակերպվողներից չէ: Դուռ չի մնացել՝ չթակի: Գյուղի գլխավոր փողոցի մի հատվածում, ասում է, անօրինական բետոնապատում են արել: Ճանապարհը նեղացել է, դժվարություններ առաջացրել:
Վարչական կենտրոնից՝ համայնքապետարան, այդտեղից՝ մարզպետարան ու բազմաթիվ նամակներ Կառավարությանը: Այդ մի ճանապարհի խնդիրն ի՞նչ է, չեն լուծում, դժգոհում է Սերգեյ պապը: «Ղեկավարության կողմից անտեսված մարդիկ ենք: Դիմում ենք, մեզ հաշվի չեն առնում. ո՛չ պատասխանում են, ո՛չ ինչ-որ քայլ են անում»:
Սերգեյ պապի ուրախությունը 6-ամյա թոռն է՝ Հայկը: Եղեգնաձորում են ապրում, բայց հանգստյան օրերին ու արձակուրդներին այցելում են հարազատ Արտաբույնք: Փոքրիկը վստահեցնում է՝ գյուղը մարզկենտրոնից շատ է սիրում, պապի տանն ամառ-ձմեռ տաք է:
Փոքրիկ Հայկի նման շատ արտաբույնքցիներ են միայն արձակուրդներին գյուղում լինում: Բազմաթիվ բնակիչներ մեկնում են արտագնա աշխատանքի, ձմռանն էլ 2-3 ամսով վերադառնում: Գյուղում լավ բերք լինում է, բայց խնդիրներն էլ քիչ չեն: Ոռոգել է պետք, հետո էլ գնորդ գտնել: «Դրսի» ճամփան բռնելն ավելի հեշտ է լինում:
Գագիկն էլ մեկն է արտերկրում աշխատող արտաբույնքցիներից: Ձմռանը ՌԴ-ից վերադառնում է մի քանի ամսով, հետո էլի գնում: Գյուղում եղած ժամանակն էլ ընկեր-հարեւանների հետ են անցկացնում: Խաղաքարտերը, նարդին ու շախմատը գյուղամիջի տաղավարից անպակաս են: Շախմատի խաղընկեր դժվար են գտնում: Ասում են՝ այդ խաղն էլ երկրի վիճակի նման դժվար է:
Գյուղամիջյան հավաքները Արտաբույնքում շարունակում են մշակույթի մի մասը լինել: Հավաքվում են, տանձի ու խնձորի բերքից մինչեւ աշխարհաքաղաքական հարցեր ու կարկուտ քննարկում, քաղաքականության թեմայով անպայման վիճում, բայց իրարից չեն նեղանում: Գիտեն՝ բոլորն էլ գնացող են, իրենց ընկերությունն ու գյուղը՝ մնացող:
Գյուղամիջյան հավաքները հիմա տաղավարից բացի նաեւ բնակավայրում բացված սրճարանում են ընթանում: Փոքրիկ խորտկարանը մեծից փոքր բոլորի առօրյան աշխուժացրել է: Երիտասարդներն էլ են ուրախացել, դպրոցից բացի այլ զբաղմունք կա, դասամիջոցներին էլ վազում են տաք կարկանդակների հետեւից, այնտեղ ծննդյան տարեդարձներ են նշում:
15-ամյա Լուիզա Վարդանյանն Արտաբույնքի դպրոցի լավագույն աշակերտուհիներից է: Ապագա դիզայները գիտի՝ գյուղի ապագան իրենցից է կախված: Դպրոցական կրթությամբ չեն սահմանափակվում, պատրաստվում են գյուղում երիտասարդական կենտրոն բացելու: Քանի որ արտադպրոցական խմբակներ Արտաբույնքում չկան, իրենց կենտրոնում երիտասարդներն ավելի փոքր տարիքի աշակերտներին նկարչություն, պար եւ արվեստի այլ ճյուղեր կդասավանդեն:
Երիտասարդները նաեւ գյուղի ճանաչելիության բարձրացման նախագծեր են անում: Արշավներ են կազմակերպում դեպի բնակավայրի տեսարժան վայրեր, տեղում խաղեր ու մրցույթներ անցկացնում: Այցելում են հիմնականում մարզի այլ գյուղերի բնակիչները: Որոշել են հյուրերի շրջանակը լայնացնել՝ հրավիրելով նաեւ այլ մարզերից:
Լուիզան վստահ է՝ ինքն ու ընկերները Արտաբույնքից չեն հեռանա: Այդպիսի բնությամբ ու պատմությամբ բնակավայր էլ որտե՞ղ կգտնեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: