Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին խորհրդարանում հայտարարել է, որ դեսպանի ժամանակավոր հետկանչից եւ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեի զինված հարձակումից հետո Մեծ Բրիտանիան չի նախատեսում փակել Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը։
«Իրանում մեր դեսպանի հետ վերջերս եմ խոսել, երբ նրան ժամանակավոր հետ էի կանչել Թեհրանից։ Քննարկել ենք դեսպանատան եւ այնտեղ աշխատող մարդկանց անվտանգությանն առնչվող հարցեր։ Սակայն ես իսկապես շատ կարեւոր եմ համարում Թեհրանում մեր դեսպանության աշխատանքին աջակցելը»,- ասել է արտգործնախարարը` պատասխանելով Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հավանական փակման վերաբերյալ պատգամավորի հարցին։
Դիվանագիտական հարաբերությունների պահպանումը, ըստ նրա, այլ պետության տարածքում անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ երկրի շահերի պաշտպանության համար, իսկ Լոնդոնը միշտ ուշադիր հետեւում է իր դեսպանատների անվտանգությանը։
Իրանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ահմադ Վահիդին հունվարի 27-ի հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն անձնական դրդապատճառներով է եղել։