Մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի եւ առցանց տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 31-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ քննարկելու համար լրագրության վստահության, հաշվետվողականության արժեւորման հարցերը: Աշխատաժողովը կազմակերպել էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ FreedomHouse Հայաստան կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Զանգվածային լրատվամիջոցների ազատության հիմնական դերակատարներին ներկայացնում էր Media Initiatives-ը:
«Լրագրողներ առանց սահմանների» տարածաշրջանային պատասխանատուն ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու հայաստանյան լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների՝ իրենց հետ համագործակցելու եղանակները: Կազմակերպությունը կարեւորում է մամուլի ազատությունը համապատասխան հետազոտություններ անցկացնելու համար եւ հատուկ մոնիթորինգային գործիքներ ունի: Ունեն նաեւ խորհրդատվություն տրամադրող իրավաբաններ, որոնք ըստ անհրաժեշտության փաստաբանական ծառայություն են մատուցում մասնագիտական պարտականությունները կատարելիս տհաճ իրավիճակներում հայտնված լրագրողներին: Աջակցում են նաեւ սպառնալիքների տակ գտնվող լրագրողներին առավել ապահով երկրներ մուտքի արտոնագիր ձեռք բերելու եւ այլ առումներով:
«Լրագրողական վստահություն» միջազգային նախաձեռնության գլխավոր մենեջեր Քլոե Ֆիոդիերը ներկայացրեց լրատվամիջոցների վստահության չափման իրենց մշակած գործիքները: «Որոշեցինք միջոցներ գտնել՝ աջակցելու լրատվամիջոցներին գնահատելու եւ բարձրացնելու համար իրենց որակը, քանզի պատժի միջոցները միշտ չէ, որ արդյունավետ են»,- ասաց նա:
Առցանց ինքնագնահատման գործիքի միջոցով աշխարհի տարբեր ծագերում գործող լրատվամիջոցները կարող են ինքնագնահատում անցնել, ապա դիմել վստահության հավաստագիր ստանալու: Քլոեի համոզմամբ՝ այս գնահատականը կարեւոր է լսարանի համար, որպեսզի վստահի լրատվամիջոցին:
Լրատվամիջոցի վստահության մակարդակը բացահայտող գործիքակազմ
Հայաստանյան մեդիա դաշտի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ անպատասխանատու լրատվամիջոցն ի վիճակի է կեղծ տեղեկություններ ներկայացնելու, եւ քանի որ ինքնագնահատման արդյունքը կարելի է հեշտությամբ ներբեռնել ու ներկայացնել լսարանին, նման լրատվամիջոցի համար մարդկանց մոլորեցնելն այնքան էլ դժվար չէ: Նախաձեռնության ներկայացուցիչը, չբացառելով տարաբնույթ իրավիճակները, վստահեցրեց, որ ներդրված է 150 հարցից բաղկացած այնպիսի հարցաշար եւ պատասխանների գնահատման գործիքակազմ, որոնք լավագույնս բացահայտում են խնդրո առարկա լրատվամիջոցի վստահության մակարդակը: Բացի դրանից՝ ինքնաստուգման արդյունքը վերջնական չէ. լրատվամիջոցները պետք է դիմեն հավաստագրման եւ ամիսներ տեւող ստուգումներից հետո միայն կարող են ստանալ որակի ցանկալի «կնիքը»:
Աշխատաժողովի մասնակիցները տեղում փորձնական գրանցվեցին հարթակում եւ քննարկեցին տեխնիկական բոլոր այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես գրանցվելու, այնպես էլ հարցաշարը գրանցելու ժամանակ: Միջազգային գործընկերների հետ նրանք առանձին զրուցելու եւ իրենց մեդիային առնչվող առանձնահատկություններին վերաբերող հարցերը քննարկելու հնարավորություն ունեցան:
Լրատվամիջոցների լիցենզավորման այս գործընթացն աշխարհում նորույթ է: Ինքնագնահատման փուլն արդեն անցել է աշխարհի մեդիա արտադրանք ստեղծող 500 կազմակերպություն: Դրանցից 14-ն արդեն հավաստագիր են ստացել, 50-ը թափանցիկության հաշվետվության ներկայացման փուլում են:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։