Ֆրանսիայում ոչ մի կերպ չեն հանդարտվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ցույցերը։ Իշխանությունները հայտարարել են, որ փողոց է դուրս եկել 1,27 միլիոն ցուցարար։ Ֆրանսիայի խոշորագույն կենսաթոշակային միավորումներից CGT-ն, սակայն, հայտարարում է, որ ցույցերի մասնակիցների թիվը 2,8 միլիոն է եղել։ Միայն Փարիզում փողոց է դուրս եկել մոտ 87 հազար մարդ։
Բողոքի այս ալիքը, այսպիսով, ավելի մեծ մասշտաբների է, քան երկու շաբաթ առաջ։ Այն ժամանակ ֆրանսիական քաղաքներում փողոց էր դուրս եկել 1,2 միլիոն մարդ։ Հիշեցնենք, որ ֆրանսիական կառավարության կողմից նախապատրաստվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը սկսվել էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերից։ Արհմիությունների ղեկավարները խոստանում են շարունակել ցույցերը։ Նոր բողոքի գործողություններ կլինեն փետրվարի 7-ին եւ 11-ին։
Հիշեցնենք նաեւ, որ կենսաթոշակային բարեփոխումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական գլխավոր խոստումներից է։ Ըստ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռի՝ նախատեսվում է կենսաթոշակի անցնելու տարիքը 62-ից դարձնել 64, աշխատողի՝ կենսաթոշակային հիմնադրամում ներդրումներ կատարելու նվազագույն տարիների թիվը դարձնել 43, իսկ նվազագույն կենսաթոշակն էլ ամսական ավելացնել՝ հասցնելով 1200 եվրոյի։