Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման մասին» պայմանագրի պահանջները չկատարելու համար։ Այն կոչվում է նաեւ СНВ-3 կամ New START։
CNN-ի եւ Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը հրաժարվել է տեսչական գործողությունների իրականացմանն աջակցելուց, ինչը հնարավորություն չի ընձեռում Միացյալ Նահանգներին իրացնելու պայմանագրով իրեն վերապահված մի շարք կարեւոր իրավունքներ եւ սպառնալիքներ է ստեղծում ռուս-ամերիկյան՝ միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության համար։
Պայմանագիրը նախատեսում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից միմյանց միջուկային օբյեկտների տեսչական ստուգումներ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը համոզված լինի, որ մյուս կողմը չի ավելացնում միջուկային մարտագլխիկները, ինչպես նաեւ դրանց տեղափոխման ու արձակման համակարգերը, քան նախատեսված է պայմանագրով։ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են նաեւ, որ պատրաստ են նախկինի նման աշխատելու Ռուսաստանի հետ հանուն СНВ-3 պայմանագրի պահանջների ամբողջական կատարման։