ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ամերիկյան Al-Monitor պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական կողմի հետախուզական տվյալներով 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։
Փոխարտգործնախարարը նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Ըստ փոխնախարարի` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022-ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարեւոր գործընկերն է։ «Իրանի եւ Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է Կոստանյանը:
Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի առումով պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի ձեռքբերումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։ Հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նպատակներին՝ փոխարտգործնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը եւ Հայաստանին զիջումների գնալ ստիպելը։