Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի տնտեսության մեջ ռեկորդները շարունակվում են։ Կենտրոնական բանկը հրապարակել է, թե անցած տարի որքան մասնավոր տրանսֆերտներ են եկել մեր երկիր, եւ այդ թիվը ոչ միայն գերազանցում է նախորդ բոլոր տարիների նույն ցուցանիշը, այլեւ կրկնակի մեծ է՝ 5 մլրդ 190 մլն դոլար։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին այլ երկրներից Հայաստան էր փոխանցվել 2 մլրդ 108 մլն դոլար։ Իսկ մինչ այդ մեր երկիր ամենաշատ տրանսֆերտ փոխանցված էր տասը տարի առաջ՝ 2013-ին՝ 2 մլրդ 302 դոլար։
Բազմիցս նշվել է, որ մասնավոր տրանսֆերտների չափն անցած տարի այդպես կտրուկ ավելացավ Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակվելուց հետո։ Մարտից արդեն ԿԲ-ն հրապարակեց, որ մեր երկիր մտնող գումարները կտրուկ ավելացել են։ Ռազմական այդ գործողություններից հետո ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ լքեցին իրենց երկիրը, նրանց մի մասը եկավ Հայաստան՝ բանկային համակարգի միջոցով իրենց հետ գումարներ բերելով։
Նրանց մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ էին, որոնք ոչ միայն խուսափում էին Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց, այլեւ նրանց հետաքրքրում էր հենց մեր բանկերում հաշիվներ ունենալը, որպեսզի աշխատավարձ ստանային։ Արեւմտյան երկրները պատժամիջոցներ էին սահմանել ՌԴ-ի բանկերի նկատմամբ։
Իսկ մեր երկիր մտած մասնավոր տրանսֆերտների կեսից ավելին՝ 3,6 մլրդ դոլարը, հենց ՌԴ-ից է փոխանցվել։ Այլ երկրներից նույնպես գումար է եկել, բայց ԿԲ-ն ավանդաբար հրապարակում է միայն ՌԴ-ից ու ԱՄՆ-ից փոխանցվածըները։ Անցած տարի ԱՄՆ-ից փոխանցվել է շուրջ 670 մլն դոլար։ Նշենք, որ մասնավոր տրանսֆերտների ամենամեծ փոխանցումը եղել է հոկտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոբիլիզացիա հայտարարելուց հետո՝ 618 մլն դոլար։ Իսկ մայիսից սկսած՝ յուրաքանչյուր ամիս Հայաստան մտել է կես միլիարդ դոլարից ավելի տրանսֆերտ։
Նշենք, որ ներհոսքի հետ զուգահեռ կրկնակի ավելացել է նաեւ գումարի արտահոսքը՝ անցած տարի 2,6 մլրդ դոլար այն դեպքում, երբ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը՝ 2021-ին, մեր երկրից դուրս էր հանվել 1 մլրդ 225 մլն դոլար։ Իսկ անցած տարի այդ գումարից ՌԴ էր վերադարձվել ընդամենը 453 մլն դոլար, ԱՄՆ՝ 327 մլն դոլար։ Մեր գլխավոր դրամատունը, սակայն, չի մանրամասնել, թե գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 1,8 մլրդ դոլարը, որ երկրներ է գնացել։
«Վերջին ամիսներին զգալիորեն աճել են ՀՀ բանկային միջոցներով ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան երկրներից ստացվող եւ ՀՀ-ից դուրս փոխանցվող գումարների ծավալները։ Նշենք, որ վերոնշյալ փոխանցումները ներառում են ինչպես ոչ առեւտրային, այնպես էլ առեւտրային բնույթի տարատեսակ հոսքեր։ Մասնավորապես վերջին ամիսներին զգալիորեն աճել են առեւտրային բնույթի դրամական միջոցների ներհոսքի եւ արտահոսքի ցուցանիշները։ Առեւտրային բնույթի փոխանցումները կապված են ապրանքների եւ ծառայությունների արտահանման եւ ներմուծման, արժեթղթերում ներդրումների եւ փոխառությունների ստացման եւ տրամադրման եւ նման այլ գործառնությունների հետ»,- ընդամենը գրել էր ԿԲ-ն։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։