Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ: Նա միեւնույն ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանելուց՝ արդյոք Իսրայելն է կանգնած Իրանի Սպահան քաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ԱԹՍ-ներով հարձակման հետեւում: «Հստակ գործողությունների մասին երբեք չեմ խոսում… Ամեն անգամ, երբ Մերձավոր Արեւելքում որեւէ պայթյուն է տեղի ունենում, մեղադրում կամ դրա պատասխանատու են անվանում Իսրայելին. երբեմն մենք ենք պատասխանատու, երբեմն՝ ոչ»,-նշել է Նեթանյահուն:
Հունվարի 31-ին իրանցի պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, Al Jazeera-ին հայտնել է, որ հարձակման հետեւում, ըստ ամենայնի, կանգնած է Իսրայելը, եւ Թեհրանը կձգտի վրեժ լուծելու: «Իսրայելը լավ գիտի, որ պատասխան է ստանալու, ինչպես եղել է անցյալում: Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, առաջինը կայրվեն, եթե որոշեն տարածաշրջանային պատերազմ սկսել»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Ըստ Times of Israel պարբերականի՝ անվտանգության ուժերը փորձել են կանխատեսել, թե երբ եւ ինչպես Իրանը պատասխան հարված կհասցնի: Իսրայելի ներսում տարբեր թիրախների դեմ հնարավոր պատասխան հարձակումներից բացի՝ անվտանգության ուժերը նաեւ չեն բացառում, որ Իսլամական Հանրապետությունը կարող է թիրախավորել իսրայելցի զբոսաշրջիկներին, պաշտոնատար անձանց եւ արտասահմանում գտնվող դեսպանատները։