Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ։ Ֆինլանդիան եւ Շվեդիան 2022-ի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Ներկա պահին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ կարող է այնպիսի որոշում ընդունել, որը կապշեցնի Շվեդիային։
Էրդողանը հայտարարել է, թե քանի Շվեդիայում թույլ են տալիս այրել իսլամի սուրբ գիրքը, Անկարան «այո» չի ասի այդ երկրի անդամակցությանը։ «Իմացե՛ք, որ Թուրքիան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ»,-խորհրդարանում ասել է Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարարը Մեւլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան չի հաստատի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրի պայմանները, նույնիսկ եթե նրանց հասցեին որեւէ սպառնալիք լինի։ Նա նշել է, որ Թուրքիան անվտանգությանն առնչվող մտահոգությունն ունի, եւ դրանք պետք է փարատվեն, որպեսզի այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան չի թաքցնում, որ Ֆինլանդիայի հետ հարաբերություններում ավելի քիչ խնդիրներ ունի, քան Շվեդիայի հետ։ «Եթե երկու երկրները եւ ՆԱՏՕ-ն պայմանավորվեն դիմումների առանձին քննարկման շուրջ, Թուրքիան պատրաստ կլինի քննարկելու այդ հարցը»,- ասել է Չավուշօղլուն։