ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 հազար 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։ Վերջիններս վերջին 1 տարում Հայաստանում 1763 անշարժ գույք են գնել, 2968–ը` վաճառել։ Եվս 187 գործարքներում ե՛ւ գնորդը, ե՛ւ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։
Պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքում առաջին տեղում եղել են ՌԴ քաղաքացիները։ Նրանք գնել են 1207, վաճառել 2380 գույք։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որի քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 240 անշարժ գույք, վաճառել 274-ը։ Երրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են, որոնք անցած տարի 245 միավոր գույք են գնել, վաճառել 198-ը։ ԱՊՀ երկրների քաղաքացիները գնել են 77, վաճառել 160 միավոր անշարժ գույք, Իրանի քաղաքացիները գնել են 84, վաճառել 67 անշարժ գույք։
Գույքի տեսակների շարքում գերակշիռ մասը բնակարաններն են, հողամասերն ու բնակելի տները։ Արտադրական ու հանրային նշանակության շինությունները վերջին տեղում են։