Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր եւ խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Արցախի շրջափակումը եւ տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան եւ նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- նշված է հայտարարության մեջ:
IAGS-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են: «Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար եւ բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- ասված է փաստաթղթում:
Ցեղասպանության վտանգը վերացնելու համար ընկերակցությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնելու աջակցությունը այսպես կոչված «բնապահպաններին», որոնք արգելափակում են Լաչինի միջանցքը, ապահովելու բոլոր մարդկանց, փոխադրամիջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարեցնելու գազի, էլեկտրականության եւ ինտերնետի ընդհատումները դեպի Արցախ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բռնություններն ու ատելության սերմանումը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիեւի վարչակարգին ագրեսիայի, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար: