Հայտնի մի ասույթ կա՝ «Ի տարբերություն մարդկանց ընդունած իրավական օրենքների՝ ֆիզիկայի օրենքները գործում են բոլորի, նույնիսկ իշխանություն եւ փող ունեցողների համար»։
Այս ասույթը հորինողը չի ճանաչել հայաստանյան ներկա իշխանություններին, այլապես կիմանար, որ նրանք անգամ ֆիզիկայի օրենքներն են հարամարեցնում իրենց։
Օրինակ, եթե տիեզերական ձգողականության օրենքը ազդեր Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի վրա, ապա նրանք վաղուց իրենց կործանարար եթերներում ճախրելու փոխարեն պիտի հայտնված լինեին երկրի մակերեւույթին, տեսնեին այն ավերներն ու աղետները, որ այս երկրին բերել են իրենք՝ իրենց կառավարման ոչ լրիվ հինգ տարիների ընթացքում, եւ հեռանային ընդմիշտ։
Եթե սրանց վրա Արքիմեդի ձեւակերպած լծակի օրենքը ազդեր հավասարապես, ապա 2021 թվականի արտահերթ ընտրություններում հենման կետ չէին գտնի, եւ այդպես էլ կրկին չէին հայտնվի խորհրդարանում։
Հիմա, ներողություն խնդրելով Այնշթայնից, պիտի ցույց տանք, թե ինչպես են հարաբերականության տեսությունը սեփական շահերին ծառայեցնում իշխանական դամքաշները։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝ 2022-ի համար հրապարակած զեկույցում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նահանջել է երեք միավոր՝ 49-րդ տեղից բարձրանալով 46-րդ տեղ:
Եվ ահա կարկառուն եւ խիստ ինտելեկտուալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը սույն փաստը մեկնաբանում է.
«Երբ այդ գնահատականները տալիս են, հո չե՞ն վերցնում առանձին պետություն, գնահատականները տալիս են բոլոր պետությունների համար. միգուցե որոշ պետություններ լավ ցուցանիշներ են արձանագրել եւ առաջ են անցել, ոչ թե մենք հետ ենք ընկել»։
Հրաշալի է եւ ուղղակի աննման։ Հարաբերականության տեսության թեմայով ինչ անեկդոտ ասես չէին սարքել, նույնիսկ գարեջրի գովազդ կար, հիշո՞ւմ եք։ Բայց որ քո նահանջը բացատրես այլոց առաջընթացով… Դեռ ոչ մեկն այդ կերպ չէր բացատրել։ Ա՛յ սա իսկապես աննախադեպ է։
Ո՞նց մինչեւ հիմա թենիսիստները գլխի չէին ընկել ասել՝ «ես հո չե՞մ նահանջել վարկանիշային աղյուսակում, էդ Ջոկովիչն ու Խաչանովն են առաջադիմել»։
Այսինքն՝ հարաբերականության տեսությունից սրանք վերցրել են միայն տպավորություն ստեղծելը. երբ դու անշարժ գնացքում ես, իսկ կողքից մի այլ գնացք է անցնում, տպավորություն է, թե դուք էլ եք շարժվում նրան հակառակ։ Հիմա էս Աղազարյանն է՝ ուրիշները առաջընթաց ունեն, ու դա ընդամենը… մեր նահանջի տպավորություն է ստեղծում։ Ուրիշ ոչինչ։
Սա փաշինյանական «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու» օպերայից է։ Իսկ դա, ըստ ՔՊ-ական «հարաբերականության տեսության», նշանակում է՝ «մենք հո չե՞նք պարտվել, էդ Ադրբեջանն է հաղթել», «մենք հո տարածքներ չե՞նք կորցրել, էդ Ադրբեջանն է տարածքներ զավթել»։ Այսինքն՝ մեր պարտությունը ընդամենը Ադրբեջանի հաղթանակից ստեղծված տպավորություն է, ուրիշ ոչինչ։
Շատ հարմար տեսություն են մտածել իրենց ձախողումները մեկնաբանելու համար։ Էդպես կարող են ասել նաեւ՝ «Հո մեր երկիրը աղքա՞տ չի, էդ մյուս երկրներն են հարուստ, ու մեր երկրի աղքատ լինելը ընդամենը տպավորություն է»։
«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին եւ մասնավորապես արձանագրել, որ «բարձր տնտեսական աճի պայմաններում ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է»։
Չեղա՛վ, չէ՞, հարգելի հիմնադրամ, չեղա՛վ, չէ՞։ Դուք Աղազարյանի տեսությամբ առաջնորդվեք. ոչ թե 30 տոկոսի կենսամակարդակը նվազել է, այլ իշխանություն կրողների, նրանց կոճակսեղմիչ պատգամավորների ու նրանց սրտի օլիգարխների կենսամակարդակն է բարձրացել, եւ բնականաբար, ըստ հարաբերականության աղազարյանական տեսության, տպավորություն է, թե վարձու աշխատողների 30 տոկոսի կենսամակարդակը նվազել է…
Դե, ասույթով սկսել ենք, անեկդոտով ավարտենք։ Հայաստանի վարչապետը փրփուրն ի բերան, իրեն հատուկ ճղճղան ձայնով ավետում է.
— Հինգ տարի հետո մեր երկիրը ավելի զարգացած կլինի, քան Եվրոպան։
Ձայն ամբոխից.
— Խեղճ Եվրոպա, տեսնես էդ ի՞նչ աղետ է գալու դրանց գլխին։
Սա էլ է հարաբերականության տեսության մեր մեկնաբանությունը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։