Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Եվրամիությունը կրկնել է Ռուսաստանին ուղղված կոչը, այն է՝ համակողմանի համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ՝ անաչառ միջազգային հետաքննության ապահովման համար, կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, ներառյալ նաեւ ՄԻԵԴ-ի պահանջները, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անահապաղ ազատ արձակման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարի 2-ին, Մոսկվայի դատարանը, ընդառաջելով պատիժների կրման դաշնային գործակալության միջնորդությանը, Գերմանիայից Ռուսաստան վերադարձած Ալեքսեյ Նավալնու խափանման միջոցը պայմանական ազատազրկումից փոխեց իրական բանտարկության։ Այն ժամանակ Նավալնին դատապարտված էր «Իվ Ռոշեի» գործով։ Սակայն 2022 թվականին նրա պատիժը ծանրացվեց, եւ նա դատապարտվեց նաեւ 9 տարվա ազատազրկման՝ «խարդախության» եւ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար։ Նավալնին նաեւ տեղեկացրել էր, որ իրեն մեղադրանք են առաջադրել «ծայրահեղական խմբավորում ստեղծելու», «չթույլատրված ցույցերի կոչեր կատարելու» համար։