Ըստ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW)՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգրադրել է ռուսական զինված ուժերին մինչեւ մարտ ավարտել Դոնբասի՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի գրավումը։
ISW-ի մասնագետները, սակայն, կարծում են, որ Պուտինը վերստին գերագնահատել է իր ռազմական կարողությունները, քանի որ չկան ակնհայտ նշաններ, որ ռուսական ուժերը Ուկրաինայում վերականգնել են բավարար հզորություն՝ ուկրաինական ուժերին հաղթելու եւ դրված առաջադրանքը կատարելու համար։
Ռազմական փորձագետները նշում են, որ խոսքը 11 300 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է, որը Դոնեցկի մարզի տարածքի 43 տոկոսն է։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակը եւս հայտարարել էր, որ Պուտինը կարգադրել է մինչեւ ընթացիկ տարվա մարտ ավարտին հասցնել Դոնբասի գրավումը։
«Մենք տեսնում ենք, որ ռուսական օկուպացիոն զորքերը արեւելյան ուղղությամբ հավելյալ հարձակողական ուժեր են կենտրոնացնում։ Մեր հետախուզության տվյալներով՝ Պուտինը կարգադրել է մինչեւ մարտ ավարտել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի գրավումը»,- ասել է Չերնյակը։
Ամերիկյան ISW մասնագետները կարծում են, որ ռուսների ձեռնարկած լայնածավալ գրոհը Ուկրաինայի արեւելքում կարող է ավարտվել այս տարվա ապրիլին կամ ավելի վաղ՝ գարնանային անձրեւների սեզոնի սկսվելուն հետ։ Դա կարող է բարենպաստ հող նախապատրաստել ուկրաինական ուժերի համար՝ արեւմտյան տանկերը ստանալուն պես հակագրոհ ձեռնարկելու գործում։
Ռազմական փորձագետները նաեւ նշում են, որ Ռուսաստանը Բելառուսի տարածքն օգտագործում է մոբիլիզացված զինվորականների պատրաստության համար եւ չունի բավարար ուժեր այնտեղից Ուկրաինայի դեմ ծավալուն հարձակում ձեռնարկելու համար։ Բելառուսի՝ լայնածավալ պատերազմին ներգրավելու վտանգ այս պահին ISW-ի մասնագետները չեն տեսնում։