Մոլդովայում ԵՄ առաքելության ղեկավար (դեսպան) Յանիս Մաժեյքսը հույս է հայտնել, որ Մոլդովայի իշխանությունները կմիանան հակառուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթին։ Էներգետիկ անվտանգության նկատառումներով Մոլդովան պաշտոնապես չի միացել պատժամիջոցների ամբողջական փաթեթին, սակայն նախագահ Սանդուն ավելի վաղ ընդգծել էր, որ Քիշնեւը ֆինանսական եւ բանկային հատվածում աջակցում է Արեւմուտքի պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին միանալը նշանակում է Մոլդովայի միացումը եվրոպական արժեքներին, եւ տեղյակ ենք, որ հանրապետության իշխանությունները հավատարիմ են դրանց: Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում պատժամիջոցներին միացումը կընդլայնվի»,- շեշտել է ԵՄ դիվանագետը:
Յանիս Մաժեյքսը նշել է, որ ապագայում պաշտոնական Քիշնեւը ստիպված կլիի ընտրություն կատարել ԱՊՀ-ում իր հետագա ներկայության հարցում: ԵՄ դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունը, որին Մոլդովան ձգտում է ինտեգրվելու, այդ հարցին պատասխան չունի։ «ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած բոլոր երկրներն ԱՊՀ անդամ չեն եղել: Բայց երբ խոսում ենք ավելի լայն պատկերի մասին, տրամաբանական կլինի տեղավորվել մեկ օրգանիզմի մեջ: Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հարցը ապագայի խնդիր է, ոչ այս պահի որոշում»: Մոլդովայում ԵՄ առաքելության ղեկավարը չի բացառել մի իրավիճակ, երբ ԱՊՀ համաձայնագրերը ԵՄ-ի պարտավորությունների հետ անհամատեղելի կլինեն: