ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, անդրադսռնալով Ալմաթիում փետրվարի 2-3–ն անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին՝ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկում է ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ հաշվարկների պարզեցման եղանակները, բայց առանց միասնական արժույթի ներդրման։
Մալկինան նշել է, որ թեեւ եվրասիական ինտեգրման համատեքստում միասնական արժույթի մասին շատ է խոսվում, բայց ԵԱՏՄ քննարկման օրակարգում հարցը բացակայում է։ Միաժամանակ քննարկվում են երկրների միջեւ հաշվարկների պարզեցման այլ տարբերակներ։ Քննարկվող տարբերակներից մեկը միասնական կրիպտո կամ թվային արժույթ ստեղծելն է, մյուսը` ընդհանուր հաշվարկային (Արժույթի միջազգային հիմնադրամի օգտագործվող SDR-ի պես) միավոր ստեղծելը։
Այդ հարցերը միջկառավարական խորհրդի նիստին բարձրացրել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Ըստ Իյա Մալկինայի՝ գուցե տարվա արդյունքներն ամփոփելով` ԵՏՀ-ն կարողանա այդ ոլորտում առաջարկներ անել, եթե դրանց աջակցեն ազգային կառավարությունները։