Ըստ Associated Press գործակալության՝ Չինաստանն ուսումնասիրում է ԱՄՆ մայրցամաքային հատվածի երկնքում մեծ չափերի լրտեսական օդապարիկ հայտնվելու մասին հաղորդագրությունները: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հորդորել է հանգստություն պահպանել՝ հավելելով, որ ոչ մի ինքնիշխան երկրի տարածքը եւ օդային տարածքը խախտելու մտադրություն չկա: Մաո Նինգը հայտարարել է, որ քաղաքական գործիչները եւ հասարակությունը պետք է զերծ մնան դատողություններ անելուց, մինչեւ հստակ պատկերացում չլինի լրտեսական օդապարիկների վերաբերյալ զեկույցներին առնչվող փաստերի մասին:
Փետրվարի 3-ին ավելի վաղ Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետեւում են երկրի հյուսիսային հատվածում գտնվող օդապարիկին: ԱՄՆ իշխանությունները նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են վտանգավոր լինել մարդկանց համար:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաեւ նշել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ շաբաթ նախատեսված այցը Չինաստան կշարունակվի ըստ նախատեսվածի։ Էնթոնի Բլինքենի այցը Պեկին նախատեսված է փետրվարի 5-ին: Նա կլինի Չինաստան այցելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան անդամը: