Փետրվարի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստատեսությանը ու «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում տառացիորեն հայտարարել է, որ «երկար տարիներ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները»։
Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ միջազգային հանրությունն ի դեմս իր բարձրագույն իրավարար մարմնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, երբեք նշված տարածքները որպես Հայաստանի կողմից օկուպացված չի դիտարկել։ Ասվածն ապացուցելու համար բավական է վերլուծել այս հարցի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ‑ի ընդունած բոլոր բանաձեւերը։ Դրանք չորսն են՝ 822, 853, 874 եւ 884։
Այդ բանաձեւերից հենց առաջինում Անվտանգության խորհուրդը որպես օկուպացնող ուժ նշել է Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերը»։ Հետագայում, հավատարիմ մնալով առաջին բանաձեւում իր իսկ տված գնահատականին, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը չի դիտարկվում որպես օկուպացնող ուժ, Անվտանգության խորհուրդը Հայաստանին երբեւէ դեօկուպացիայի պահանջ չի ներկայացրել եւ հակամարտության համատեքստում խոսել է միմիայն «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ հարաբերությունների վատթարացման եւ լարման» մասին։
Ավելի կարեւոր է սակայն, որ 853 եւ 884 բանաձեւերում ԱԽ-ն նաեւ կոչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ «շարունակել օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից բանաձեւերի կատարմանը հասնելու նպատակով»։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին օկուպացիոն ուժ չի դիտարկում, ավելին՝ գնահատում է նրա կառավարության ջանքերը եւ հայցում հակամարտության կարգավորմանն ուղղված այդ ջանքերի շարունակությունը։
Այստեղ է, որ ծագում է ամենազավեշտալի հարցը։ Սերգեյ Լավրովը 1993 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ընդունվել են նշյալ բանաձեւերը, եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության փոխներկայացուցիչ, հետեւաբար չի կարող չիմանալ այն մասին, որ Ռուսաստանը քվեարկել է այդ բանաձեւերի ընդունման օգտին եւ Հայաստանին նույնպես որպես օկուպացիոն ուժ չի դիտարկում։ Ի՞նչն է ապա ստիպել փորձառու դիվանագետին նման աղաղակող հակասության մեջ մտնել Ռուսաստանի 30 տարվա դիրքորոշման հետ։
Իսկ վերջում եւս մեկ հարց։ Տեսնես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կհամարձակվի՞ այս հրապարակման մեջ տեղ գտած փաստերի հիման վրա հստակ պատասխան տալ Լավրովին եւ պաշտոնապես նրա առաջ բարձրացնել այս անընդունելի հակասության մասին հարցը։